Ի՞նչ է հայտարարագրել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, Տավուշում աղմկահարույց դեմարկացիան և դելիմիտացիան գլուխ բերելը, թերևս, ավարտված համարելով, օրերս մայրաքաղաքում օժանդակում էր ՆԳՆ ոստիկանության իր մյուս գործընկերներին՝ աննահանջ կանգնել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։

168.am-ը ոստիկանության այս բարձրաստիճան պաշտոնյայի ակտիվությունը հաշվի առնելով՝ այսօր կանդրադառնա նաև նրա հայտարարագրին։

Այսպիսով, 2020 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մարտ ամիսը՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ապա՝ 2023 թվականի մարտից մինչև օրս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի 2021 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում բացակայում է անշարժ և շարժական գույքի մասին որևէ հիշատակում։ Տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամի գումարի չափը կազմել է 8 միլիոն դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտը՝ 6 միլիոն 142 512 դրամի չափով գոյացել է աշխատանքի վարձատրություն՝ ՀՀ ոստիկանությունից։

Կարդացեք նաև

2022 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրից էլ տեղեկանում ենք 2018 թվականին գնված 1 անշարժ գույքի՝ Երևան քաղաքում, համատեղ օգտագործման իրավունքով տնօրինվող հողամասի մասին։ Պահպանվել է 8 միլիոն դրամ կանխիկ դրամի և աշխատավարձի՝ 6 միլիոն 142 512 դրամ չափը։

Կա նաև հիփոթեքի մասին հիշատակում՝ 42 միլիոն դրամ վարկի մայր գումարի մնացորդով նպատակ բաժնում նշված է՝ «տուն»։

2024 թվականին ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը հայտարարագրել է 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի մասին տվյալները։

Որպես անշարժ գույք է նշված Երևանի Արաբկիր համայնքում 2017 թվականից գնված և համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող հողամասը:

Դրամական միջոցները․ կանխիկ դրամը դարձյալ եղել է 8 միլիոն դրամի չափով, իսկ  ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված տարեկան եկամուտը՝ աշխատավարձը՝ 6 միլիոն 230,020 դրամի։

Վարկի մայր գումարի չափն այս անգամ նշվել է 42 միլիոն 221 917 դրամ, իսկ նպատակ բաժնում՝ «բնակարանի ձեռքբերում»։

Այս հայտարարագրի մեջ կներկայացնենք նաև հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներից՝ որդու՝ Աշոտ Արթուրի Մկրտչյանի հայտարարագրի մի քանի դրվագ ևս։

Այսպիսով, Աշոտ Մկրտչյանը 2022 թվականին նվիրատվություն է ստացել հողամաս, որը գտնվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում։ Հողամասը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով։

2022 թվականը բարեբեր է եղել նրա համար․ նաև գնել է 2022 թվականի արտադրության Մերսեդես մակնիշի ավտոմեքենա։

Ի դեպ, Արթուր Մկրտչյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա իր կարիերայի տարբեր տարիներին ժամանակ առ ժամանակ հեռացվել է պաշտոնից, տեղափոխվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ, ապա կրկին վերականգնվել որևէ պաշտոնում։

24News-ին էլ հայտնի էր դարձել Գեղարքունիքի մարզային վարչության պետ եղած ժամանակ Արթուր Մկրտչյանին վերագրվող արարքների մասին․ ըստ օդում կախված լուրերի՝ Սևանի ավազանի որոշ չարաշահումները կապված են նրա անվան հետ, համակարգում նաև նկատել են, որ Մկրտչյանի ծննդյան առիթներին հրավիրյալների թվում շատ հաճախ կարելի էր տեսնել քրեական կամ վարչական իրավախախտում իրականացրած անձանց:

Տեսանյութեր

Լրահոս