6 անշարժ գույք, տպավորիչ դրամական միջոցներ. ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ» Կամո Ցուցուլյանի և նրա տիկնոջ հայտարարագիրը
168.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել ՀՀ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը՝ քաղաքացիներին ցույց տալու համար, թե ովքեր են այն պաշտոնյաները, որոնք պարտավոր են ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կանխել, նախականխել կամ խափանել հանցագործություններն ու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգը, և այլն:
Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի վերջին կոչումներից ու մեդալներից անմասն չէր մնացել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ», տավուշցի Կամո Ցուցուլյանը, և քանի որ նա աղետի գոտուց հետո երեկ անմիջապես հայտնվել էր Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի կիզակետում՝ իր բարձրաստիճան մյուս գործընկերների, կարմիր, սև բերետների կողքին, 168.am-ն այս հրապարակմամբ կներկայացնի հենց Կամո Ցուցուլյանի 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը:
Այսպիսով, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք, որից 5-ը՝ Տավուշի մարզում, 1-ը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:
2013, 2014 և 2017 թվականներին նա իբրև ժառանգություն է ստացել 3 անշարժ գույք Տավուշի մարզի Իջևան և Աչաջուր համայնքներում՝ բնակարանի, հասարակական շինության և հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տան տեսքով:
2019 թվականին Տավուշի մարզի Գանձաքար համայնքում Կամո Ցուցուլյանը գնել է ևս 2 անշարժ գույք՝ հողամաս և հասարակական նշանակության շինություն, որոնք տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով:
2022 թվականին ՆԳՆ պաշտոնյան ձեռք է բերել բնակարան Դավթաշենում, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով. ձեռքբերման եղանակը հայտարարագրում նշված է՝ «այլ»:
Կամո Ցուցուլյանը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոցներ, որոնք տարեսկզբին կազմել են 22.000 ԱՄՆ դոլար և 17 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 27.000 ԱՄՆ դոլար և 19 միլիոն դրամ:
Հաշվետու տարվա եկամուտները գոյացել են ՆԳՆ-ից՝ աշխատավարձի և այլ եկամուտների տեսքով: Աշխատանքային վարձատրություն է նշվել 17 միլիոն 260.209 դրամը, իսկ իբրև այլ եկամուտներ՝ 4 միլիոն 547,685 դրամը:
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդների մասին տողից էլ տեղեկանում ենք, որ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 25 միլիոն 040 000 դրամ, իսկ հիփոթեքի առարկան բնակարան է բազմաբնակարան շենքում:
2024 թվականին ներկայացված հայտարարագրում հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալների տողում միայն կնոջ՝ Աշխեն Մարգարյանի մասին տեղեկությունն է:
Կամո Ցուցուլյանի կինը՝ Աշխեն Մարգարյանը, հայտարարագրել է Տավուշի մարզի Իջևան համայնքում մեկ հողամաս՝ համատեղ սեփականության իրավունքով, 2015 թվականի արտադրության Տոյոտա մակնիշի մեքենա, որը գնել է 2021 թվականին, 20.000 դոլար բանկային ավանդ:
Աշխեն Մարգարյանի եկամուտները տարվա ընթացքում գոյացել են «ԿԵՆՑԱՂՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՍՊԸ-ից, որի գործադիր տնօրենն է նա. եկամուտը կազմել է 950.000 դրամ:
Ի դեպ, այս ՍՊԸ-ի 67 տոկոս բաժնեմասը պատկանում է Կամո Ցուցուլյանին, դեռ նախորդ տարի լրատվամիջոցները հայտնել էին՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ում ունեցած իր 67% բաժնեմասը: