Բաժիններ՝

ԲՀԿ պրոքոչարյանական ցուցակը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները` Երևանի ավագանու ցուցակը կազմվել է բացառապես ԲՀԿ արմատական, պրոքոչարյանական ներկայացուցիչներից: Պրոիշխանական թևի ներկայացուցիչներն այս ընտրություններում լիովին մեկուսացված են:

Ընդ որում, սա ձեռնտու է նաև վերջիններիս, նրանք չեն ցանկանում հոսանքին հակառակ «նավել», որովհետև, ի տարբերություն արմատական թևի, կորցնելու շատ բան ունեն: Սակայն միանշանակ չէ նաև ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվողների վիճակը. Օսկանյանի մասով մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ քրեական գործի քննությունը չեն դադարեցրել և մտադիր են սլաքները դեպի հետաքրքիր տեղեր և անձեր տանել:

Խոսվում է նաև ինչ-ինչ տեսագրությունների մասին: Իսկ շտաբի պետ, ցուցակի երրորդ համար Աբրահամ Մանուկյանը մի կողմից բավականին աղմկոտ, սակայն այդպես էլ չհրապարակայնացված  սկանդալի արդյունքում թողեց առողջապահության փոխնախարարի պոստը, մյուս կողմից էլ նրա որդուն պատկանող ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել, և կա ձերբակալված: ԲՀԿ մեր զրուցակցին հարցրինք՝ այնուհանդերձ, ինչո՞ւ որոշեցին Աբրահամ Մանուկյանին նշանակել շտաբի պետ, ինչ-որ առումով նրա մանևրի դաշտը սահմանափակ կլինի:

«Այդպես չէ, որքան ես եմ տեղեկացված` առողջապահության մասով ներքին բովանդակային կոնֆլիկտ է եղել, ու եթե «ճշտով», ապա Աբոն է ճիշտ եղել, և հետո` Աբոն երևանցի տղա է, հինգ մատի նման գիտի Երևանն իր բոլոր ծակուծուկերով, լավ կազմակերպիչ-կյանքի տղա է, նեգատիվը քիչ է նրա մեջ, կզող չէ»,- ասաց ԲՀԿ արմատական թևի մեր զրուցակիցը: Աբոն ու իր տղաները նաև Նորքը «նայողներից» են և այստեղ միշտ կարողացել են ԲՀԿ-ի օգտին շատ ձայներ ապահովել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս