Հնդկաստանում ընտրություններին մասնակցել է ռեկորդային թվով՝ 642 միլիոն ընտրող
Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ համընդհանուր ընտրություններում, որոնք ավարտվել են հունիսի 1-ին, իրենց ձայնն են տվել ռեկորդային թվով ընտրողներ՝ 642 միլիոն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Յոթ փուլից բաղկացած ընտրությունները, որոնք աշխարհում ամենախոշորն էին, սկսվել էին ապրիլի 19-ին, անցկացվել սաստիկ տապի պայմաներում, երբ ջերմաստիճանը որոշ շրջաններում հասել է մինչև իսկ ըստ Ցելսիուսի 50 աստիճանի։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցանկանում է իր պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ։ Նրա «Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը» (BJP – Bharatiya Janata Party), ըստ էքզիթ-փոլի տվյալների՝ կստանա խորհրդարանում մեծամասնություն։
Հնդկաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 968 միլիոն էր։ Այսպիսով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,3 %:
543 անդամից բաղկացած Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի ընտրությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին։