Բաժիններ՝

Հեղեղումների հետևանքով Քարկոփ բնակավայրն ամբողջությամբ ջրածածկ է․ ՏԿԵ նախարար

Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքների տարբեր բնակավայրերում, Ալավերդի խոշորացված համայնքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան համայնքների տարբեր բնակավայրերում մի շարք ավերածություններ կան տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։

Կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

«Մասնավորապես, ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում․ ունենք բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր-շինություններ։ Դեբեդ գետի հունով ներքև արդեն ամենամեծ վնասված բնակավայրը Քարկոփն է։ Ամբողջ գյուղը ջրածածկ է, ամբողջ գյուղը տարհանված է։ Միայն երեկ արդեն հնարավոր էր այնտեղ աշխատել։ Երեկ մոտ 30 փրկարար է աշխատել, այսօր մոտ 100 փրկարար է աշխատում»,- ասաց նախարարը։

Սանոսյանի խոսքով՝ շատ մեծ վնասներ կան Այրում կայարանում, երկաթգծի տարբեր կայարաններում և դեպի Բագրատաշեն ամբողջ գետի հունով այգիներ, շինություններ, հասարակական տարբեր օբյեկտներ վնասվել են։

«Վնասների մի մասը տեսանելի չէ, քանի որ բնակավայրը դեռ ջրածածկ է»,- հավելեց Սանոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս