Բաժիններ՝

Եվրահանձնակատարը պատասխանել է Վրաստանի վարչապետի հայտարարությանը՝ իրեն ուղղված սպառնալիքների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 23-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել։ Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեյն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն։

Վրաստանի առաջին ալիքը, վկայակոչելով Կոբախիձեի հայտարարությունը, նշում է, որ վարչապետի հետ զրույցի ընթացում եվրահանձնակատարը թվարկել է մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչներն այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հաղթահարի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն։

«Սպառնալիքը, որը հնչել է եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ցնցող էր. եվրահանձնակատարն ինձ հետ զրույցում թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները թափանցիկության օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո, և այդ միջոցները թվարկելիս նշեց. «Տեսա՞ք ինչ եղավ Ֆիցոյի հետ, պետք է զգույշ լինել»»,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։

Օրեր առաջ Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ էր կատարվել․ մի քանի հրաձգային վնասվածք ստանալուց հետո նա գտնվում է հիվանդանոցում։

Կոբախիձեի հայտարարությունից հետո Վարհեյը հայտարարություն է տարածել Եվրահանձնաժողովի կայքում՝ նշելով, որ իր մտադրությունները սխալ են հասկացել։

«Ցանկանում եմ իմ շատ անկեղծ ափսոսանքը հայտնել, որ իմ հեռախոսազրույցի որոշակի հատված կտրվել է համատեքստից…. Քանի որ քաջատեղյակ եմ Վրաստանի հասարակության մեջ տիրող խիստ եվրոպամետ տրամադրություններին՝ իմ հեռախոսազրույցի ընթացքում հարկ եմ համարել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ կարևոր է ավելի չսրել առանց այն էլ փխրուն իրավիճակն՝ ընդունելով օրենքը, որը կարող է հանգեցնել հետագա բևեռացման և հնարավոր անվերահսկելի իրավիճակների Թբիլիսիի փողոցներում։ Այս առումով Սլովակիայում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունը բերվել է որպես օրինակ և որպես վկայակոչում, թե ուր կարող է տանել հասարակության բևեռացվածության նման բարձր մակարդակը նույնիսկ Եվրոպայում», – պարզաբանել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։ Վրաստանի խորհրդարանը, սակայն, մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։

Օրենքով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերը հետապնդող» կազմակերպություններ։ Վրաստանի իշխանությունները հայտնում են, որ օրենքը կոչված է ապահովելու ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունը։

Օրենքի ընդունումը Վրաստանում առիթ է դարձել բազմահազարանոց ցույցերի, որոնք վերածվել են իրավապահների հետ բախումների։

Այս օրենքի պատճառով ԵՄ-ում սպառնացել են չեղարկել Վրաստանի հետ անայցագիր ռեժիմը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու և Թբիլիսիի հետ երկկողմ համագործակցությունը վերանայելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս