
Վիետնամի ղեկավարը 20 տարվա մեջ առաջին անգամ կայցելի Հյուսիսային Կորեա

Վիետնամի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տո Լամն այս շաբաթ կմեկնի Հյուսիսային Կորեա՝ դառնալով վերջին 20 տարիների ընթացքում Վիետնամի առաջին առաջնորդը, որն այցելում է այդ երկիր։ Այս մասին հայտնել է VNA լրատվական գործակալությունը։
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն եռօրյա այցը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին։ Այցի շրջանակում Վիետնամի ղեկավարը ներկա կլինի հոկտեմբերի 10-ին կայանալիք ռազմական շքերթին՝ նվիրված իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակին։
Ակնկալվում է, որ Տո Լամի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաև Վիետնամի պաշտպանության նախարար Ֆան Վան Ջիանգը։
Երկու կոմունիստական երկրները, որոնք սերտ կապեր են պահպանում, այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, չնայած ներկայում, ինչպես հայտնում է Փհենյանում Վիետնամի դեսպանատունը, դրանք առևտրային հարաբերություններ չունեն։