«Գարեգին Բ-ն կօրհնի Սերժ Սարգսյանին, Կաթողիկոս Արամ Ա-ն էլ` Րաֆֆի Հովհաննիսյանին»

ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանում գործող իշխանության դեմ պայքարողների վարկանիշի գնահատման ընդունված չափորոշիչն այն է, թե պայքարի մեջ մտած առաջնորդը որքան մարդ կհավաքի Ազատության հրապարակում: Որքան շատ հավաքի, այնքան, ուրեմն, ավելի հզոր ու կարող է նա: Այս սցենարն արդեն հինգերորդ անգամ է կրկնվում անկախ Հայաստանի պատմության մեջ` մարդիկ նախ մասնակցում են կեղծված ընտրությունների, ապա սկսում են բողոքել ընտրությունների կեղծման դեմ: Առաջնորդներն էլ նախ խոստանում են, որ այս անգամ հաստատ ժողովուրդը կհասնի բաղձալի նպատակին` կտապալի ատելի ու անօրեն կառավարիչներին, իսկ հետո սկսում են նույն այդ ժողովրդին բացատրել, թե որոնք էին իրենց անհաջողության օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները: Հայաստանում լեգիտիմ իշխանության կորուստը հանգեցրել է մեր պետական ինքնիշխանության սահմանափակման, դրա տիրույթի էական կրճատման: Այսօրվա գործընթացները, լեգիտիմ իշխանություն ունենալու անհրաժեշտությունը մոռացության մատնելով, հանրությանը կրկին տանում են անպտուղ ինքնահռչակումների ճանապարհով: Վստահ եմ, որ պարոն Սերժ Սարգսյանն ապրիլի իննին նախատեսված երդմնակալության արարողության ժամանակ կարժանանա Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությանը և միանգամայն հնարավոր եմ համարում, որ Կաթողիկոս Արամ Ա-ն էլ իր ներկայությամբ պատվի պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի զուգահեռաբար կազմակերպվելիք երդմնակալության արարողությունն ու իր օրհնությունը հայտնի վերջինիս, բայց դրանից իրողությունը չի փոխվի` Հայաստանի համար լեգիտիմ իշխանության հարցը կմնա բաց, չլուծված»:

Տեսանյութեր

Լրահոս