ԱԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվում էր Ռայիսիի այցը Հայաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե մայիսի 19-ին նախատեսվել է ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը, սակայն, հետաձգվել է։
«Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ ТАСС-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը մայիսի 19-ին վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։