Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում պահվում է՝ որպես պատանդ. կալանքի ժամկետի երկարաձգումը կամայականության գերադրական դրսևորում է. Սիրանուշ Սահակյան
Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ԱԺ ներկայիս նախագահը։
Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխեցին Բաքու, բոլորին տարբեր հոդվածներով մեղադրանքներ առաջադրվեցին և 4 ամսով կալանավորեցին։
Օրերս Բաքվի դատարանը նրանց կալանքի ժամկետը կրկին երկարաձգեց, այս անգամ՝ արդեն 5 ամսով։
Ի դեպ, Արցախի դեմ պատերազմ սանձազերծելով՝ Ադրբեջանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ, սպանելով խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ նաև երեխաների։ Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից միայն Սառնաղբյուր գյուղում սպանվել է 5 երեխա, սակայն որևէ ադրբեջանցի պատասխանատվության չի ենթարկվել։
168.am–ի հետ զրույցում Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը խոսելով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի երկարաձգման, այս պահին նրանց հայրենիք վերադարձնելու ճանապարհների մասին, ասաց՝ Բաքվում այս հայերի կալանքի ժամկետի վերջին երկարաձգումը ցույց տվեց կամայականության գերադրական դրսևորում։
«Իհարկե, ակնհայտ էր, որ նրանք ապօրինաբար են պահվում, և հայեցողաբար ժամկետներ են ընտրվում, սակայն ես աննախադեպ կորակեմ կալանավորման ժամկետի երկրաձգումը ավելի երկար ժամկետով, քան եղել էր սկզբնական խափանման միջոցի ժամկետը։ Այստեղ մեկ անգամ ևս գործ ունենք վատթարացման հետ, ինչը հակադրվում է միջազգային ստանդարտներին։ Միջազգային ստանդարտները նշում են, որ, եթե անգամ կալանավորման վաղ փուլում կա հանցագործության կատարման վերաբերյալ հիմնավոր կասկած, շարունակական անազատությունից զրկելու պարագայում ապացուցման բեռը ծանրանում է, քանի որ քննությանը զուգահեռ՝ նվազում են քննությանը խոչընդոտելու կամ խափանման միջոցներ կիրառելու այլ հիմքերը»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Շարունակելով միտքը՝ Սիրանուշ Սահակյանը հավելեց՝ պետությունը պետք է ցույց տա, որ պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել քննությունն արդյունավետ, սեղմ ժամկետներում կազմակերպելու համար։ Եվ եթե այս ջանասիրությունը չկա, բայց քննության անհրաժեշտությունից ելնելով՝ երկարաձգում են պահանջում, ապա նման խնդրանքները դատարանի կողմից պետք է մերժվեն՝ ի շահ անձնական ազատության իրավունքի։
«Այս դեպքում մենք տեսնում ենք, որ 4 ամիսը փոխարինվեց հինգ ամսով, և նույն անհեթեթ հիմնավորումն է բերվում, որ քննության անհրաժեշտությունից ելնելով՝ պետք է երկարաձգել։
Իրական պատճառն այն է, որ նրանք պահվում են՝ որպես պատանդներ, և նրանց վերադարձի գինը ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի ապօրինի պահանջների բավարարումն է։ Իհարկե, այս բավարարման համար նրանք այլ լծակներ ու խոստումներ ունեն, սակայն դրանցից մեկը նաև այնտեղ պահվող հայերի վերադարձի հարցն է, ինչը խիստ էմոցիոնալ ու հոգեբանական կոնտեքստ ունի, և այն գտնվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանի ներքո»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ երբ հետևում է ՀՀ ղեկավարների հանդիպումներին միջազգային տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, այս հարցը նրանց կողմից բարձրաձայնվո՞ւմ է, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց՝ հաղորդագրություններում կարծես թե նշվում է, որ հարցը քննարկվել է, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունների ու արդյունքների մասին տեղեկատվություն չկա։
«Այստեղ գործընթացները թափանցիկ չեն, հաշվետվողականության մեխանիզմները ևս բացակայում են։ Սակայն մեկ բան ակնհայտ է, որ դրանք քննարկվում են մեծ քաղաքական բանակցությունների կոնտեքստում։ Այսինքն՝ եթե այս պահին օրակարգում կա սահմանազատման ու սահմանագծման կամ խաղաղության պայմանագրի հարցը, ապա դրա կոնտեքստում շոշափվում է նաև հայրենադարձումը։ Երբ այս գործընթացներն իրենց տրամաբանական ավարտին հասնեն, որպես ժեստ՝ Ադրբեջանը նաև կկատարի իր «մարդասիրական» հանձնառությունը։ Որևէ կոնկրետ միջոց, որն անկախ այդ բանակցությունների արդյունքից և քաղաքական հարցերի հանգուցալուծումից՝ ապահովի այս անձանց ազատ արձակումը՝ ուղղակի գոյություն չունի»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։