Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/442443773_838694871621345_4985534665657122669_n.thumb_.jpg)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթաց գրանցելու կարևորությանը։
Տարածաշրջանային կայունության համատեքստում գոհունակությամբ է հիշատակվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու դրանում անդամ երկրների անմիջական ներգրավածությունը։
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության օրակարգը հետապնդում են մեկ հստակ նպատակ՝ ՀՀ քաղաքացիների համար ապահովել կայուն, անվտանգ միջավայր։