ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայությանն է անցել սպառազինության վարչությունը և ոչ միայն. Ինչո՞ւ են թուլացնում ԳՇ-ն
2021-2026թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշված է, որ հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքային բարեփոխումները, որ հաստատվել են ՀՀ պաշտպանության նախարարության ևՀՀ ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրություններն ու կառուցվածքը:
Մայիսի 15-ին էլ, այս համատեքստում, կատարվել են կադրային վերանշանակումներ:
ՀՀ նախագահի հրամանագրերից պարզվում է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից ՀՀ պաշտպանության նախարարության անմիջական ենթակայությանն են անցել մի քանի վարչություն.
– ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչություն- ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության
– ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչություն – ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչություն
– ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն – ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչություն
Թե կոնկրետ ինչ հիմնավորմամբ, նպատակով է նման որոշում կայացվել, կամ որքանով է այն լինելու արդյունավետ, պարզ չէ:
Այստեղ ցանկանում ենք առանձնացնել հատկապես սպառազինության վարչության տեղափոխման փաստը և դրա գործառույթները:
Սպառազինության վարչության գործունեությունը, որը, հոդվածը գրելու պահին, ՀՀ ՊՆ կայքում ԳՇ անմիջական ենթակայության տակ էր, նպատակաուղղված է՝ ՀՀ զինված ուժերի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանի պայմաններում, տեխնիկական ապահովման խնդիրների լուծմանը:Այսինքն` սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինամթերքի և ռազմատեխնիկական ունեցվածքի ամբողջական հաշվառման,տեխնիկական սպասարկման, վերականգնման, արդիականացման, թարմացման, պաշարների կուտակման և պահպանման ծավալուն գործընթացին:
Ըստ ՊՆ տեղեկատվության՝ սպառազինության վարչությունն իրականացնում է տեխնիկական ապահովման համակարգի շրջանակներում հետևյալ գործառույթները`
-գիտատեխնիկական բաղադրիչի (պաշարների, անխափան գործող արտադրական կարողությունների և այլն) ստեղծման ուղղությամբ միջոցառումների պլանավորումը, նախապատրաստումն ու անցկացումը,
-սպառազինության ու ռազմական (հատուկ) նոր տեխնիկայի, չափման միջոցների նմուշների, համալիրների, համակարգերի և այլնի ստեղծման հնարավորությունների բազմակողմանի հետազոտումն ու նախագծումը կամ արդիականացումը, կուտակումը, շարակարգումը, պահուստների պահպանումը,
-ՍՌՏ շահագործումը, պահպանումը, վերականգնումը (նորոգումը), օգտահանումը և թափոնումը (վերացումը),
-տեխնիկական ապահովման մարմինների զորահավաքային նախապատրաստումը, ինժեներատեխնիկական կազմի ու կրտսեր մասնագետների պատրաստումը:
Այս համատեքստում նշենք, որ «Պաշտպանության մասին» օրենքում ՀՀ պաշտպանության նախարարության մասին, մասնավորապես, նշված է, որ այն «պատվիրում և ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, նյութական պաշարների գնումները», «իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում», իսկ ՀՀ պաշտպանության նախարարը հաստատման է ներկայացնում «սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը»:
Նույն օրենքը սպառազինության հետ կապված ԶՈՒ գլխավոր շտաբի վերաբերյալ, մասնավորապես, սահմանում է, որ այն «իրականացնում է զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և նյութական այլ միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման ապահովումը», «կազմակերպում է զինված ուժերի օպերատիվ, տեխնիկական և թիկունքային ապահովումը»,Պաշտպանության նախարարին է ներկայացնում «սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման և ռազմավարական այլ պետական ծրագրերը»:
Այստեղ, թերևս, հարկ է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մոտ երկու տարի առաջ հանձն առավ բանակում կառավարման մոդելի փոփոխությանը և շրջանառության մեջ դրվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի արդյունքում ԳՇ պետը դարձավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մինչդեռ ՀՀ սահմանադրության ԳՇ պետի պաշտոնն ամենաբարձր զինվորական պաշտոնն է: Այսինքն, գործ ունենք հակասահմանադրական երևույթի հետ:
Ի դեպ, իշխանություններնայդ ժամանակ դիմել էին մանիպուլյացիոն հնարքի՝ պնդելով, թե շրջանառության մեջ դրված փոփոխություններով, ԳՇ պետին ազատել են կոմերցիոն գործունեություն իրականացնելուց, այսինքն՝ գնումների գործընթացին մասնակցելուց:
Ոլորտից քիչ թե շատ տեղյակ մարդիկ՝ մասնագետները, կվկայեն, որ 2008-ից, ըստ էության, ԳՇ-ն նման գործունեությամբ չի զբաղվել:
168.am-ը այս առնչությամբ գնացել էր «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքների հետքերով և մանրամասն վերլուծություն ներկայացրել:
Մասնավորապես 2017-ին ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում այս մասով նշվում էր.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պատվիրում և ֆինանսավորում է զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրությունն ու գնումները, հսկողություն է իրականացնում զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի այլ մարմինների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ»: Այսինքն, այն, ինչն այսօր էլ ուժի մեջ է:
Իսկ 2022-ի հունիսի 23-ի կառավարության նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի շարքում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները հաստատելու մասին հարցն էր ընդգրկված: Ներկայացված նախագծում ռազմական նշանակության գնումների իրականացման պայմաններին վերաբերող հատվածում նշված էր.
«ՀՀ ԶՈՒ կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից ներկայացված գրավոր առաջարկությամբ, որը պետք է ներառի՝
1) տվյալ գնման կարիքի նկարագրերը, որոնք պետք է սպառիչ և բավարար ճշտությամբ պարզաբանեն, թե կոնկրետ ինչ խնդիր է պլանավորվում լուծել այդ միջոցի ձեռքբերմամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել պլանավորված և փաստացի արդյունքները, զինված ուժերում գնման առարկա հանդիսացող սպառազինության և ռազմական տեխնիկայի առկա քանակները (եթե առկա են), դրանց վիճակը, դրանց ավելացման անհրաժեշտությունը։ Ընդ որում, գնման կարիքը պետք է ուղղակի բխի զինված ուժերի մարտական կիրառման պլաններից.
2) սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցի գնման (աշխատանքի կատարման և/կամ ծառայության մատուցման) նախընտրելի ժամանակացույցը՝ նշելով, թե երբ պետք է գնման առարկան հանձնվի պատվիրատուին, նախնական մոտավոր արժեքը, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր աղբյուրը և վճարման ժամանակացույցը, կամ տեղեկատվություն՝ ֆինանսավորման հնարավոր աղբյուրի բացակայության մասին,
3) համեմատական վերլուծություն և հավաստում առ այն, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավոր այլ միջոցների համեմատ, տվյալ միջոցը հանդիսանում է առավել տնտեսող, արդյունավետ և օգտավետ.
4) այլ տեղեկություններ՝ ԳՇ պետի հայեցողությամբ։
5) Եթե որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է ՌՆԳ հետ կապված առևտրային առաջարկ, ապա այն ենթակա է քննարկման 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ հետևյալ պայմանների առկայության դեպքում….»:
Նշված է նաև, որ ՌՆԳ գործընթացի մեկնարկը սկսվում է նախարարին ուղղված ԳՇ պետի գրավոր առաջարկությամբ՝ նշելով գնումը կատարելու հիմքը և անհրաժեշտությունը:
Դրական որոշման դեպքում, առաջարկը նախարարի համապատասխան մակագրությամբ հասցեագրվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում պատվիրատուի ղեկավարին՝ որպես առաջին հասցեատեր, և ԳՇ պետին՝ որպես երկրորդ հասցեատեր, ի գիտություն։ Բացասական կամ առաջարկը լրամշակելու, կամ պարզաբանելու կամ այլ որոշման դեպքում՝ առաջարկին ընթացք է տրվում ըստ նախարարի ցուցումի։
Դրական որոշման դեպքում պատվիրատուի ղեկավարը հանձնարարում է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանմանը ընթացք տալ առաջարկությանը:
Այս դեպքում ստացվում է, որ ԳՇ-ն ընդամենը պատվիրատու է, ՊՆ-ին առաջարկ-պատվեր ներկայացնող, այդ դեպքում ԳՇ-ից ինչ կոմերցիոն գործունեություն էին ուզում վերցնել, գուցե քաղաքական հետին մտքերի հետ գործ ունեինք, ինչպես վերևում արդեն նշեցինք:
Հիշեցնենք, որ ԳՇ-ի շուրջ այս ամբողջ պատմությունը, ըստ էության, սկսվել էր Անդրանիկ Քոչարյանից, կամ՝ գոնե շահագրգիռ անձ էր այս հարցում: Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 17-ին ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»:
«Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:
Այլ խոսքով, Անդրանիկ Քոչարյանն ուզում էր ասել, որ ԳՇ-ն չպետք է խառնվի գնումների գործընթացին: Եվ նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը որոշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնել իր կուսակից Սուրեն Պապիկյանին:
Եվ հիմա ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայությանն է անցնում սպառազինության վարչությունը՝ ստանալով սպառազինության և տեխնիկական ապահովմանվարչություն անվանումը: Եթե նույնիսկ այստեղ քաղաքական հետին լուրջ նպատակներ, մտքեր չկան, ապա առնվազն ցույց է տալիս ԳՇ-ի նկատմամբ իշխանությունների քաղաքական վերաբերմունքը, և, որ այս ամենը հուշում է Գլխավոր շտաբի թուլացման միտումների մասին: Ինչո՞ւ, կարծում եմ՝ ավելորդ է նշել: