Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհը սահմանազատման արդյունքում երթեւեկության համար այլեւս անվտանգ է. Փաշինյան

Սահմանազատման գործընթացում Բերքաբերի հատվածում խնդիր չկար, արդյունքում էլ խնդիր չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա: Գիտեք, որ այնտեղ շատ զգայուն հարցեր կային կապված Ոսկեպարի եկեղեցու եւ նաեւ Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ: Սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում է, այլեւ նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթեւեկության համար այլեւս անվտանգ է: Եկեղեցու հատվածում մենք որեւէ խնդիր չունեցանք, որովհետեւ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու եւ սահմանային գծի հատվածում:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելու է նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր,- Արմենպրեսի հարցին ի պատասխան Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են:

Հիշեցնենք, որ Տավուշի վերոնշյալ գյուղերի բնակիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ իրենց անվտանգությանը լրջագույն սպառնալիք համարելով կատարվողը։ Միակողմանի և անօրինական սահմանազատման գործընթացի դեմ Բագրատ Սրբազնի առաջնորդությամբ տավուշյան շարժումը վերածվել է համահայկականի։

Տեսանյութեր

Լրահոս