Տնտեսության դեֆորմացիան բերել է ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքման կտրուկ վատացման. Ստվերը խորացել է
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ վերջերս կառավարությունում կայացած մի խորհրդակցության ժամանակ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ տնտեսական աճի հետագա առաջմղման համար։ Նման հանձնարարություններ սովորաբար տրվում են այն դեպքում, երբ տնտեսական աճը ցածր է լինում։ Այնինչ՝ արձանագրվող տնտեսական աճը Հայաստանում այնքան բարձր է, որ թվում է՝ այլևս բարձրացնելու տեղ չկա։
Առաջին եռամսյակի արդյունքներով, պաշտոնապես 14 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ է գրանցվել։
Նման բարձր աճ Հայաստանում եղել էր 2022թ.՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում։
Անցած տարի տնտեսական աճի տեմպերը թուլացան։ Սակայն այս տարի կրկին շարունակում են առաջ գնալ։
Շատերը կնախանձեին նման աճերին, եթե, իհարկե, դրանք իրական աճեր լինեին։
Բայց Հայաստանի տնտեսության աճերն իրական տնտեսական աճերից շատ հեռու են, թվացյալ աճեր են, որոնց տակից երևում են տնտեսության խնդիրները։
Մինչ պաշտոնական վիճակագրությունը բարձր աճեր է գրանցում, իրական տնտեսությունը նահանջ է ապրում։ Առանցքային բազմաթիվ ոլորտներ անկման մեջ են, արտադրության ծավալները նվազում են, կորցնում են շուկաները, տեղական արտադրանքը փոխարինվում է էժան ներմուծմամբ։
Վերջին երկու տարիներին դրամի չափից դուրս ամրապնդումը դարձել է Հայաստանի տնտեսության գերեզմանափորը՝ մի կողմից՝ խթանելով ներմուծումը, մյուս կողմից՝ զսպելով արտահանումը։ Անկախ նրանից, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ են արձանագրվում, տեղական արտադրությունը գնալով մեռնում է։ Խնդիրները սկսեցին խորանալ այն պահից, երբ անտեսվեցին ազգային արժույթի ամրապնդման հետևանքները տնտեսության իրական հատվածի վրա։ Ոչինչ չարվեց սեփական արտադրողին պաշտպանելու համար։ Այսօր էլ ոչինչ չի արվում։
Արտադրողները մնացել են մենակ իրենց խնդիրների ու դժվարությունների հետ։ Հետևանքները տեսնում ենք իրական տնտեսության մեջ։
Բարձր աճերը, որոնք գրանցվում են, ոչ մի արժեք չունեն Հայաստանի տնտեսության համար։
Արդյունաբերությունը, օրինակ՝ առաջին եռամսյակում հասցրել է 30 տոկոսից ավելի աճ արձանագրել։ Բայց այն գերազանցապես պատահական մի գործոնի արդյունք է, որը ոչ միայն կապ չունի մեր տնտեսության հետ, այլև այսօր կա, վաղը կարող է չլինել։ Ու այդ ժամանակ կերևա ոչ միայն արդյունաբերության, այլև մեր տնտեսության ամբողջ թշվառությունը, որի հետևանքները բյուջեի վրա արդեն նկատվում են։
Չրանք դրանք դեռ ծաղիկներն են։ Ազդեցությունը գնալով ավելի է խորանալու։
Առաջին եռամսյակում, տնտեսական ակտիվության 14,3 տոկոսանոց աճի պայմաններում, բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 8,5 տոկոսով։
Հարկերի հավաքման ցուցանիշը, ինչպես տեսում ենք, անհամեմատ ավելի ցածր է, քան տնտեսական աճինը։
Սակայն դա էլ ամբողջությամբ չի բնութագրում իրավիճակը։ Իրական պատկերն ավելի տխուր է, քան կա։
Այս տարվա հարկային եկամուտների մեջ ներառված են նաև հիփոթեքի գծով վերադարձվող եկատմային հարկի գումարները։ Նախորդ տարիներին այդպես չէր։
Եթե հանում ենք այդ գործոնի ազդեցությունը, ստացվում է, որ առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ավելացել են հազիվ 5,8 տոկոսով։
Տեմպը գրեթե 2,5 անգամով ցածր է տնտեսական ակտիվության աճից։
Սա նշանակում է, որ տեղի է ունենում ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքման կտրուկ վատացում, ինչը ենթադրում է ստվերային շրջանառությունների ավելացում կամ տնտեսության մեջ ձևավորվող հարկային եկամուտների ոչ արդյունավետ հավաքագրում։ Երկու դեպքում էլ գործ ունենք բացասական երևույթի հետ, որի ազդեցությունը կրում է պետական բյուջեն։
Առաջին եռամսյակում առկա է հարկային եկամուտների բավական լուրջ թերակատարում։
Նախատեսվածի համեմատ՝ 43,6 մլրդ դրամով կամ 8 տոկոսով պակաս մուտքեր են ստացվել։
Եթե առաջիկայում այս միտումը պահպանվի, ապա տարեվերջին բյուջեն լուրջ խնդիրներ է ունենալու՝ արձանագրվող այսպիսի բարձր տնտեսական աճերի պայմաններում։
Տնտեսության մեջ աճեր են գրանցվում, որոնք համարժեք չեն արտահայտվում հարկային եկամուտների վրա։ Այդպես է, որովհետև աճ ապահովող հատվածներում բավարար եկամուտներ չեն գեներացվում կամ պարզապես չեն ուզում գեներացնել։
Հայաստանի տնտեսության բարձր աճերն ուղեկցվում են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումով, ինչը նշանակում է, որ այդ աճերն արտադրական աճեր չեն։ Տնտեսական աճի հիմքն առևտուրն է։ Այդպես է նույնիսկ արդյունաբերության պարագայում։
Արդյունաբերությունն աճում է առևտրային հայտնի ու անհայտ սխեմաների և ոչ թե՝ իրական արտադրության ծավալների ավելացման հաշվին։ Աբսուրդ է, բայց այդպես է։
Երեք ամսում այնքան ներմուծումներ ենք արել, որքան մինչև ռուս-ուկրաինական հակամարտությունը լինում էր ամբողջ տարվա ընթացքում։
Հազիվ թե կարելի է կարծել, որ վճարունակ պահանջարկը Հայաստանում այդքան ավելացել է։
Նույնը նաև արտահանման պարագայում է, ինչն ուղիղ կապ ունի ներմուծումների հետ։ Պատահական չէ, որ արդյունաբերության մեջ 1,8 մլրդ դոլարին մոտ ապրանք է թողարկվել, ներառյալ՝ նաև հայտնի ոսկեգործությունը, որը, ինչպես հայտնի է, դարձել է արդյունաբերության աճի հիմնական գործոնը, մինչդեռ արտահանվել է 4,4 մլրդ դոլարի ապրանք՝ 2,6 միլիարդով ավելի, քան ամբողջ արդյունաբերության թողարկումն է եղել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ