Բանկերը վայելում են, իսկ քաղաքացիները ճռռում են բարձր տոկոսների տակ
Հայաստանի բանկային համակարգը տարեսկզբին աշխատել է բարձր շահութաբերությամբ։
Առաջին եռամսյակում բանկերը 200 մլն դոլարից ավելի զուտ շահույթ են ստացել։
Շահույթները նախորդ տարվա համեմատ 18,8 տոկոսով ավելացել են։
Անցած տարվա առաջին եռամսյակում կազմել էին 70 մլրդ դրամ, այս տարի հասել են 83 միլիարդի։ 13 միլիարդով ավելի շահույթներ են ստացել։
Երրորդ տարին է՝ բանկերը մեծ փողեր են աշխատում։ Մինչ այդ էլ բանկային համակարգը ոչ պակաս բարձր շահութաբերությամբ էր աշխատում, բայց դրանք անհամեմատ ավելի քիչ էին, քան վերջին տարիներին։
Ամեն ինչ փոխվեց ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Հակամարտության առաջին տարում, երբ ռուսական կապիտալի հոսքերի մի մասը սկսեցին սպասարկվել հայաստանյան բանկերի միջոցով, ֆինանսական կառույցներն աննախադեպ մեծ շահույթներ ստացան։
2022թ. բանկային համակարգի շահույթները հասան ռեկորդային 263 մլրդ դրամի կամ գրեթե 650 միլիոն դոլարի։ Այդ տարի բանկերը 3 անգամով ավելի շատ շահույթներ ստացան։
Անցած տարի բանկերի շահույթները 33 մլրդ դրամով կամ 12,5 տոկոսով կրճատվեցին։ Կրճատումը կապված էր տարբեր գործոնների, այդ թվում՝ Արցախում ստեղծված իրավիճակի ու վնասները դուրս գրելու հետ, բայց դա էլ չխանգարեց, որպեսզի բանկերը բարձր շահույթներ ստանան։
Անցած տարի հայաստանյան բանկերի շահույթները կազմեցին 230 մլրդ դրամ։
Խոսքը 600 մլն դոլարին մոտ զուտ շահույթի մասին է։
Շահույթները նախորդ տարվա համեմատ նվազեցին, բայց մի քանի տարի առաջ բանկերը պարզապես կերազեին այսպիսի բարձր շահույթներ ստանալ։
Չնայած վերջին շրջանում դրսից Հայաստան մտնող գումարները բավական մեծ տեմպերով կրճատվել են, այնուհանդերձ այս տարվա սկզբին էլ բանկերը մեծ շահույթներ են ստացել։ Ավելի շատ, քան անցած տարվա սկզբին։
Իհարկե, դեռ վաղ է ասել, թե առաջիկայում այդ միտումը որքանո՞վ հնարավոր կլինի պահպանել։ Վերջին շրջանում այս առումով որոշ ռիսկեր են առաջացել։
Ռիսկերը կապված են, առաջին հերթին՝ ռուսական «Միր» վճարային համակարգի հետ։
Ինչպես հայտնի է, մարտի վերջից հայաստանյան բանկերը դադարեցրել են ռուսական վճարային այս համակարգի սպասարկումը, ինչը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ բանկերի շահույթների վրա։
Այդ ազդեցությանը հնարավոր կլինի տեսնել հաջորդ եռամսյակներում։
Մինչ այդ բանկային համակարգում շահութաբերության բարձր մակարդակը պահպանվում է։ Երրորդ տարին անընդմեջ բանկերը մեծ շահույթներ են ստանում։
Համակարգի շահույթներն անցած 2 տարում և այս տարվա առաջին եռամսյակում հասնում են գրեթե 1,5 մլրդ դոլարի։
Բանկերը վայելքների մեջ են, իսկ քաղաքացիները ճռռում են վարկերի բարձր տոկոսների տակ։
Նաև այդ բարձր տոկոսներով է պայմանավորված բանկերի շահույթների նման ահռելի աճը։
Վերջին տարիներին բանկային վարկերը բավական թանկացել են։ Հիփոթեքային վարկերի գինը հասել է ընդհուպ 13-14 տոկոսի, նախկին 10-11 տոկոսի դիմաց։ Սպառողական վարկերի տոկոսները տատանվում են 19-20 տոկոսի սահմաններում։ Թանկացել են նաև մյուս բոլոր վարկային պրոդուկտները։
Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին մեղադրում էր բանկերին՝ բարձր տոկոսներով վարկեր տալու, քաղաքացիներին վարկային ծանր բեռի տակ դնելու, թալանելու ու ունեզրկելու համար, հիմա արդեն այդ մասին չի էլ հիշում։
Մինչև վերջերս բանկային վարկերի թանկացումների համար գուցե որոշակի նաև օբյեկտիվ պատճառներ կային՝ կապված, մասնավորապես, Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության ու վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու հետ։ Բայց վերջին ամիսներին վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար նվազում է, իսկ վարկերը շարունակում են նույնքան թանկ մնալ։
Բանկերը չեն շտապում նվազեցնել վարկերի գինը և օգտվելով որոշ ոլորտներում ձևավորված չհիմնավորված պահանջարկից, բարձր տոկոսներով վարկեր են տրամադրում ու մարդկանց դնում վարկային ծանր բեռի տակ։
Գումարները գնում են հիմնականում հիփոթեքի ու սպառողական վարկերի շուկաներ, որտեղ բանկերի վարկային պորտֆելն արդեն անցնել է 2 տրիլիոն դրամից։ Փոխարենը՝ տնտեսության իրական հատվածում վարկային ներդրումները շատ քիչ են։ Ոչ թե այն պատճառով, որ դրանց կարիքը չկա, այլ որովհետև տնտեսությունը շատ հաճախ ի վիճակի չի լինում մարսել այդպիսի թանկ փողերը։ Բանկերն էլ իրենց հերթին՝ հակված չեն վարկավորել տնտեսությանը։ Հիփոթեքի շուկայում, ի դեմս կառավարության տրամադրած երաշխիքի՝ ավելի ապահով հարթակ են գտել։
Մի շարք գործոնների, այդ թվում՝ բարձր տոկոսների արդյունքում, բանկային համակարգում վերջին տարիներին մեծ շահույթներ են գեներացվում։ Բայց, իհարկե, այնպես չէ, որ այդ գումարները համաչափ բոլորին են հասնում։
Շահույթների չափազանց բարձր մակարդակով, ինչպես նախորդ երկու տարիներին, այնպես էլ այս տարվա առաջին եռամսյակում, առանձնացել է «Արդշինբանկը»։ Այս բանկին բաժին է ընկել բանկային համակարգում ստացված զուտ շահույթի գրեթե 30 տոկոսը։
Այս տարվա առաջին երեք ամսում «Արդշինբանկը» ստացել է 25,3 մլրդ դրամի կամ ավելի քան 62 մլն դոլարի զուտ շահույթ։
Բանկի շահույթներն անցած տարի 16,7 միլիարդի կարգի էին։ Ավելացել են 8,6 միլիարդով. նախորդ տարվա համեմատ՝ 70 տոկոսից բարձր աճի մակարդակ է գրանցել։
Այս տարի բանկը 21 մլն դոլարով ավելի շատ շահույթ է ստացել, քան ստացել էր անցած տարի։
Որևէ այլ բանկի պարագայում, անվանական արտահայտությամբ, շահույթների այսպիսի կամ նույնիսկ դրան մոտ աճ տեղի չի ունեցել։ Իսկ որոշ բանկերի դեպքում շահույթների մակարդակը նույնիսկ կրճատվել է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ