Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնությունում իր երրորդ արծաթե մեդալը նվաճելուց հետո առավել մոտիվացված է մոտենալու Փարիզի Խաղերին:
«Երկրորդ ցատկս լավ չկատարեցի: Մրցումային առաջին օրը բացարձակ այլ ցատկ եմ կատարել: Եզրափակիչում իմ բարդ ցատկը կատարեցի, սակայն սխալներ կային: Գրեթե նույն սխալը կրկնվեց, ինչ որակավորման փուլում էր: Կարելի է ասել, որ հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար: Պարտվելուց հետո մեծ է ցանկությունը նորից հաղթել»,- Ռիմինիում լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում Դավթյանը հավաքեց 14.850 միավոր և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանն է: Նա հավաքեց 14.883 միավոր:
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է 2021 և 2023 թվականներին: Հայ մարմնամարզիկը նաև 2022 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է և Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: