Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ հացադուլը կլինի 30-օրյա
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անակնկալ կերպով հայտարարեց, որ կիրակի օրը դադարեցնում է հացադուլը և սկսում է նոր մարզային այցելություններ` նախապատրաստվելով ապրիլի 9-ի երդմնակալությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունն անակնկալ էր այնքանով, որ նույնիսկ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վստահ էին, որ հացադուլը կշարունակվի առնվազն մինչև ապրիլի 9-ը, և մինչև ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանը կնստի Ազատության հրապարակում: Ի՞նչը ստիպեց Րաֆֆի Հովհաննիսյանին փոխել մարտավարությունը և դադարեցնել հանրահավաքը:
Ամենահավանական տարբերակն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի սկզբանե էր որոշել, որ հացադուլի է նստելու, ու հենց 21 օր, ուղղակի ինտրիգը պահելու համար, որոշել էր դրա մասին նախապես չհայտարարել: Իսկ 21 օր, որովհետև հացադուլն էլ ունի իր կանոնները, որոնք պետք է պահպանել, այլապես վնասակար ազդեցություն կունենա հացադուլ հայտարարողի առողջության վրա: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակն իր առողջության բարելավումն էր և ոչ թե` հակառակը:
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին հրապարակային հացադուլը հայտարարեց 2011թ. մարտի 15-ին, և այն տևեց 14 օր: Հովհաննիսյանն այն ժամանակ հացադուլը դադարեցրեց մարտի 30-ին` հայտարարելով, որ հաջորդ օրը դստեր` Շուշիի ծննդյան տարեդարձն է, և ինքը գնում է տուն, ընտանեկան միջավայրում դստեր ծննդյան տոնը նշելու համար: Այս անգամ նա հացադուլը դադարեցնում է հենց դստեր ծննդյան տարեդարձի օրը` հացադուլ անելով ոչ թե 14, այլ` 21 օր:
Այն մարդիկ, ովքեր իրենց օրգանիզմի առողջացման նպատակով երբևէ հացադուլ են հայտարարել, ասում են, որ կա հացադուլի հատուկ ընթացակարգ: Ըստ այդմ առաջին հացադուլը պետք է անել հենց 14 օրով, քանի որ հացադուլի առաջին մեկ շաբաթվա ընթացքում օրգանիզմը սկսում է հարմարվել հացադուլի ռեժիմին, և անցնում է ներքին ռեսուրսներով սնվելուն, այսինքն` օրգանիզմը սկսում է առողջանալ:
Երկրորդ անգամ արդեն կարելի է հացադուլ անել 21 օրով, քանի որ օրգանիզմը հարմարվել է հացադուլի 14-օրյա ռեժիմին, և պատրաստ է ավելի մեծ ծանրաբեռնվածության: 21-օրյա հացադուլը հաղթահարած մարդն ընդունակ է արդեն 30-օրյա հացադուլ հայտարարել: Համարվում է, որ ամենաերկար հացադուլը կարող է տևել մինչև 40 օր, բայց դրան հասնելու համար պետք է հաղթահարել նախորդ փուլերը: Այնպես որ, եթե հաջորդ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարի, ապա կարելի է հստակ ասել, որ այն կտևի արդեն 30 օր:
Րաֆֆի Հովհաննիսյանը` լինելով իմաստուն քաղաքական գործիչ, որոշել էր օգտակարը համատեղել հաճելիի հետ: Նա առողջարարական նպատակով հացադուլ կարող էր հայտարարել նաև 2012թ. մարտին, բայց որոշել էր դա անել այս տարվա մարտին` դա ներկայացնելով հանուն քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանության համար արված հացադուլ: Բայց ցավալիորեն հասարակությունը որևէ կերպ չգնահատեց Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազոհաբերությունը, այսինքն` հացադուլը քաղաքական էֆեկտ չունեցավ: Հացադուլի ընթացքում հրապարակում հավաքվող մարդկանց քանակը ոչ միայն չավելացավ, այլ ընդհակառակը պակասեց: Իսկ երեկ տեղի ունեցած հանրահավաքն իր սակավամարդությամբ համարժեք էր նախորդ տարի նույն ժամանակ ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հանրահավաքներին, երբ Ազատության հրապարակն ավելի շատ դատարկ էր, քան լիքը:
Այդ սակավամարդությունը հասարակության պատասխանն էր Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանության հետ սկսած երկխոսությանը, որը, ինչպես ինքն է ասում, ուղղված է իշխանությունը ժողովրդի հետ կիսելուն: Հասարակությունը չկիսեց Րաֆֆի Հովհաննիսյանի` իշխանության կեսը ստանալու ցանկությունը: Այդ ցանկությունը կատարյալ անհեթեթություն է, քանի որ, ըստ Սահմանադրության` իշխանությունը պատկանում է ժողովրդին ամբողջությամբ և ոչ թե` մասնակի: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ իշխանությունը ժողովրդից գողացվել է, ապա գողոնը գողերի հետ կիսելու շուրջ բանակցողն իր բարոյականությամբ ոչնչով չի զիջում գողերին:
Դա ուղղակի ոստիկանական, այսպես կոչված, մենթական պահվածք է: Լինում են դեպքեր, երբ քաղաքացին դիմում է Ոստիկանություն և հայտնում, որ իր տանից կամ խանութից գողություն է կատարվել: Ոստիկանները հետաքննություն են սկսում, հայտաբերում են գողին և գողոնը: Բայց չեն շտապում գողոնը վերադարձնել տուժողին, այլ սկսում են բանակցություններ վարել գողի հետ, որի թեման հետևյալն է. տուր մեզ գողոնի կեսը, բայց գրի, որ գողացած ապրանքն իրացրել ես շուկայում: Դրա դիմաց ոստիկանները խոստանում են գողի վրա ավելի մեղմ հոդված դնել, իսկ ապրանքի տիրոջն էլ ասում են, որ, չնայած գողին հայտաբերել են, նա խոստովանել է իր արարքը, դրա համար պատժի կարժանանա, բայց գողոնը չեն կարող վերադարձնել, քանի որ գողն այն արդեն վաճառել է քննությամբ չպարզված անձանց:
Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 1-ից գնալու է մարզեր, հրաժեշտի հանդիպումներ ունենալու: Իսկ ապրիլի 9-ին նա հրաժեշտ կտա Ազատության հրապարակին, փաստելով, որ իշխանությունը կիսելու շուրջ գործարքը չկայացավ` իշխանության ոչ այնքան բարեխիղճ գործընկեր լինելու պատճառով: