Տավուշում տեղի ունեցող դեպքերից արցախահայերիս մոտ դեժավյու է, ամեն ինչ նման է Արցախին՝ հանձնում են բոլոր կարևոր բարձունքները. Մետաքսե Հակոբյան
Երեկ «Ազատություն»-ը հայտնել էր, որ Արցախի Հանրապետությունից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Արցախ։
Ապրիլի 22-ին նույն լրատվամիջոցը տեղեկություն էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել է Լաչինի միջանցքը, շարժվել է դեպի Գորիս: Դրան հաջորդեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պարզաբանումն «Արմենպրես»-ին։
Ըստ դրա՝ «խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար»:
Այս ամենին զուգահեռ՝ Տավուշում տեղի է ունենում սահմանազատման գործընթաց, երեկ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել՝ կից գրառմամբ՝ «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»։
Ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները որքանով են նման իրար։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատասխանելով այս հարցերին, նախ ասաց, թե ռուս խաղաղապահների դուրս գալու, իսկ հետո նորից Արցախ վերադառնալու վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, քանի որ որևէ բան ճշտելու հնարավորություն այլևս չունեն։
«Ուղղակի այս ամենից կարելի է միայն անել հետևյալ ենթադրությունը, որ ռուսական կողմն ունի ծրագրեր, և ամեն դեպքում կա պայմանավորվածություն՝ մնալ Արցախում մինչև 2025 թվականի նոյեմբերը, ինչպես եղել էր եռակողմ հայտարարության մեջ։ Նաև ռուսական կողմի հայտարարություններում տեսնում ենք՝ քանի որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չկան, և ինչ-որ առումով իմաստ չկա այնտեղ ռուս խաղաղապահների գտնվելու։
Ռուս խաղաղապահների մի մասն Արցախում է, թեպետ հնարավոր չէ թիվ ճշտել, կարելի է ենթադրել, որ ինչ-որ նպատակներ կան, գուցե նաև նպատակն Արցախի հայերի վերադարձն է, հասկանալի է, որ հիմա իրավիճակն այլ է, քան 2020 թվականին էր։ Բնական է, որ խաղաղապահի այնտեղ լինելը կամ օդում տված երաշխիքը չի կարող բավարար լինել արցախահայերի վերադարձի համար։ Սա է պատճառը, որ մենք արդեն եղել ենք ՀՀ երեք մարզերում՝ Սյունիքում, Կոտայքում և Շիրակում, հանդիպել արցախահայերի հետ, քննարկել, թե ինչ պայմաններով է այսօր արցախցին պատրաստ վերադառնալ իր բնօրրանը։
Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ բանակցային սեղանին վերադարձվի արցախցիների վերադառնալու իրավունքի հարցը։ Արցախահայերի հետ հանդիպմանը նրանք մեզ ասում են՝ վերադարձի համար պետք է լինեն անվտանգության հստակ երաշխիքներ հողի վրա և, բնականաբար, ոչ Ադրբեջանի դրոշի ներքո և ոչ համատեղ կեցությամբ։ Մնացածը պետք է արդեն որոշվի բանակցային սեղանի շուրջ, որպես ուղենիշ վերցնելու այս դրույթը։ Իհարկե, այդ հանդիպումների բովանդակությունը շատ մանրամասնել չեմ կարող հատկապես Տավուշում տեղի ունեցող գործընթացների ֆոնին, բայց արցախահայերն ունեն հստակ դիրքորոշում»,- շեշտեց Մ. Հակոբյանը։
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ ՀՀ անվտանգային համակարգի խաթարումը տեղի է ունեցել Արցախի հանձնումով, հետևաբար՝ պետք է նորից ամեն ինչ սկզբից սկսել ու փորձել ապահովել Արցախի վերադարձի հարցը։
Պատգամավորը զուգահեռներ անցկացրեց Տավուշում ու Հայաստանում տեղի ունեցող գործընթացների միջև, ապա եզրակացրեց՝ Նիկոլ Փաշինյանի համար հայրենիք հասկացություն գոյություն չունի, հարցերի կարգավորումները նա տեսնում է միայն ճանապարհների, տների փոփոխությամբ։
«Նա Տավուշում մարդկանց փորձում էր համոզել, թե որևէ խնդիր չկա, գուցե մի քանի տուն կարող են ընդամենը կորցնել, այդ տների հարցերն էլ կլուծի։
Երբ Արցախից հետո մենք առաջին անգամ եղանք Սյունիքում, առաջին բանը, որ արձանագրեցի, նմանությունն էր 2020 թվականից հետո Արցախի վիճակին։ Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է, որովհետև ամեն ինչ նման է Արցախին, երբ կարևոր նշանակության բարձունքներն ու դիրքերն ուղղակի բանավոր պայմանավորվածության արդյունքում հանձնվում էին թշնամուն։ Գյուղերի, տարածքների հանձնումը մեծացնում է հավանականությունը շրջափակման մեջ ընկելու, ինչպես եղավ Արցախի դեպքում. հանձնելով՝ Հայաստանի անվտանգային համակարգը խաթարում են։
Տա Աստված, Հայաստանը կամ ՀՀ որոշ շրջաններ չհայտնվեն այն իրավիճակում, որում հայտնվեց Արցախը, քանի որ դա անդառնալի է լինելու, այն էլ՝ նման իշխանությունների պարագայում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։