«Մեր գործընկերը հատել է բոլոր կարմիր գծերը». Մատվիենկոն պատրաստվում է բացատրություններ պահանջել Հայաստանի ԱԺ-ից
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պատրաստվում է պաշտոնական բացատրություններ պահանջել Հայաստանի Ազգային ժողովից՝ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ։
Հիշեցնենք, որ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների համաժողովի ընթացքում իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ՝ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը»։
Բացի այդ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բնորոշել էր որպես «ներխուժում»։
«Ցանկանում եմ հարց ուղղել Հայաստանի խորհրդարանը ղեկավարող իմ գործընկերոջն՝ ո՞ւմ անունից է նա նմանատիպ սյուժեներ բարձրաձայնել։ Հաստատ ոչ հայ ժողովրդի անունից, որի հետ Ռուսաստանը դարավոր բարեկամական կապեր ունի, – ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Մատվիենկոն՝ հավելելով,- Նման հակառուսական ելույթները մենք անուշադրության մատնել չենք կարող։ Ես գրավոր նամակ կուղարկեի Հայաստանի խորհրդարան՝ փորձելով պարզել, թե ո՞ւմ անունից էր ելույթ ունենում Սիմոնյանը և արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը կիսում է այդ հավաքին հնչած գնահատականները»։
«Մեր գործընկերոջ նման արտահայտություններն ուղղակի ամոթի զգացում են առաջացնում։ Նա հատել է բոլոր կարմիր գծերը»,- պնդել է Մատվիենկոն։