Սա հրահանգ է Դատախազությանը. նկարիչներին էլ թող աքսորեն Հայաստանից պրծնի-գնա. Հաղթանակ Շահումյան
Քանդակագործ Հաղթանակ Շահումյանի գնահատմամբ՝ մշակութային միջավայրն այսօր դարձել է խոցելի, և տպավորություն է, որ ամեն մի նորամուծություն փորձարկվում է հենց այդ միջավայրի վրա։
«Ոչ միայն այս շենքը, այլև սալոններ, 4-5 կոմբինատներ, բոլորը եղել են Նկարիչների միության սեփականությունը, չեն եղել որևէ նախարարության կազմում։ Տարօրինակ է, որ ձևակերպումները բոլոր միությունների համար արել են նույն ձևով, և այսօր խոսք է գնում ընդամենը երկու միությունների մասին, այն դեպքում, երբ դրանք ամենախոցելին պետք է լինեին։ Միտում եմ տեսնում, որպեսզի մասնատեն։ Սա Դատախազության ձեռքի գործը չէ, ովքեր նրան հրամցրել են այդ խնդիրը, նրանց մեջ է պետք փնտրել դիտավորությունը, թե ինչու են ընտրել այս թիրախները։ Ես չգիտեմ նախարարության տեսակետը, որովհետև նախարարությունը կերպարվեստից ձեռք է քաշել, չգիտեմ՝ ինչով է զբաղվում, բայց կերպարվեստի հետ գրեթե ոչ մի առնչություն չունի»,-Նկարիչների միությունում լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործը՝ խոսելով միությունների շենքերը պետականացնելու՝ իշխանությունների սկսած գործընթացի մասին։
Այդ ամենի մեջ Հաղթանակ Շահումյանը դիտավորություն է տեսնում՝ ՀՀ անկախությունը վարկաբեկելու համար։
«Մենք բոլորս երազել ենք անկախ երկիր, պետականություն ունենալու մասին, և այն, ինչ այսօր կատարվում է, այդ անկախությունը հեղինակազրկելու առիթ է լինելու։
Մեկ բան ինձ հստակ պարզ է, որ արվեստի միջավայրն ըստ էության ամենախոցելին է, հարձակումն այդտեղ է կատարվում։
Եկել, Միության շենքն են ուզում վերցնեն, նկարիչներին էլ թող վերցնեն աքսորեն Հայաստանից, պրծնի-գնա։ Սա միայն Նկարիչների միությանը չի վերաբերում, այս խնդիրը հետագայում տարածվելու է մյուս միությունների վրա
Դատախազությունը չէ մեղավորը, այլ այն մարդիկ ու կառույցները, որոնք այս ամենը հրամցնում են»,- եզրափակեց Հաղթանակ Շահումյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում