Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Նախորդ դատական նիստին դատավոր Վահե Դոլմազյանը ևս 3 ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը, չնայած այն հանգամանքին, որ Աշոտյանի համար երաշխավորել էին խորհրդարանական 2 ընդդիմադիր խմբակցությունները, առաջարկվել էր 40 միլիոն դրամ գրավ, ինչպես նաև տնային կալանք՝ սահմանափակումներով, համակցված խափանման միջոցները: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս խափանման միջոցի փոփոխության՝ 2 օր տևած քննությունից հետո դատավոր Դոլմազյանը կրկնեց հանրային մեղադրողի բառերը՝ խոչնդոտման ռիսկը չի վերացել:
Նախորդ նիստում հանդես եկավ նաև Արմեն Աշոտյանը, ով ներկայացրեց 10 փաստ ու փաստարկ առ այն, թե ինչու ինքը չի կարող գտնվել կալանքի տակ, բայց տպավորություն էր, թե դատավորը մինչ միջնորդության քննությունն արդեն իսկ գիտեր՝ ինչ որոշում է կայացվելու:
Այսօրվա դատական նիստի սկզբում Մարթա Սիմոնյանի պաշտպան Սուքիասյանը անդրադարձավ ապացույցների հետազոտման անթույլատրելիության, դրանց հերթականության հարցին, ներկայացրեց առարկություններ: Վերջինս միջնորդեց այս գործով քննիչ Տիգրան Շոխոյանի կողմից ձեռք բերված ապացույցները ճանաչել անթույլատրելի, քանի որ նա այդ գործը վարույթ ընդունելու իրավասություն չի ունեցել:
«Նրա կողմից ձեռք բերված որևէ ապացույց ենթակա չէ հետազոտման, պետք է ճանաչվի անթույյլատրելի»,- ասաց նա:
Ուշագրավ է, որ ըստ դատավոր Դոլմազյանի՝ միջնորդության քննությունը ենթակա է հետաձգման:
Արմեն Աշոտյանի պաշտպանները միացան Մարթա Սիմոնյանի պաշտպանի միջնորդությանը:
Ռուբեն Մելիքյանն ասաց՝ քննիչի տրամադրած փաստաթղթերն ամբողջական չեն, բացակայում են փաստաթղթեր, որոնք կցված չեն քրեական վարույթի նյութերին, կամ դրանք կան, բայց քննիչը չի տվել:
Մարգար Սողոմոնյանն էլ հավելեց՝ իր գործընկերը դիմել է քննիչ Շոխոյանին՝ ստանալու շարժի վերաբերյալ տեղեկություններ, սակայն վերրջինս ասել է՝ ինչ կար, տվել եմ, էլ բան չկա:
Հանրային մեղադրողի կարծիքով՝ քննիչ, վարչության պետի տեղակալ Շոխոյանը գործել է Քրդատ օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ այս փաստաթուղթը թվային հետք պիտի ունենա Մալբըրիում. «Ո՞ւր է»:
Դատավոր Դոլմազյանը մերժեց միջնորդությունը: Շոխոյանի ձեռք բերած ապացույցները կճանաչվեն թույլատրելի:
ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի պաշտպանը ևս, ով քննչական մարմիններում աշխատանքի փորձ ուներ, դիրքորոշում հայտնեց թեմայի վերաբերյալ՝ ասելով, որ գործ քննչական մարմնի մի ստորաբաժանումից մյուսը տեղափոխելը խնդիր է, ուր մնաց՝ կառույցից կառույց:
«Պետք է լուրջ հիմնավորումներ լինեին՝ այս գործը ՀՔԾ-ից Քննչական կոմիտե փոխադրելու համար: Դրա վերաբերյալ մեզ որևէ փաստաթուղթ չի տրամադրվել»,- ասաց նա:
Միջնորդությունը բավարարվեց, և դատարանը որոշեց վարույթն իրականացնող մարմնից պահանջել նշված փաստաթղթերի պատճենները:
Հաջորդիվ դատական նիստն անցավ դռնփակ ռեժիմով: Քննվում էր Նարիմանյանի պաշտպանի միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 2-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: