Աշխատող մայր
– Հա՛յր, եթե կինն աշխատում է, արդյո՞ք դա ճիշտ լուծում է:
– Իսկ ամուսինն ի՞նչ է ասում դրա մասին:
– Նա թողնում է դա կնոջ հայեցողությանը:
– Կնոջ համար հեշտ չէ թողնել իր աշխատանքն ուիրեն երեխաներին նվիրել, եթե նա կրթություն է ստացել մինչ ամուսնությունը: Իսկ ահա այն կինը, որ կրթություն չի ստացել և ինչ-որ հասարակգործով է զբաղված, ապա առանց դժվարանալու կարող է թողնել այն:
– Հա՛յր, ես կարծում եմ, որ եթե կինը երեխաներ չունի՝ աշխատանքն օգտակար է նրա համար:
– Այսինքն, ըստ քեզ՝ եթե նա երեխաներ չունի, ապա պարտադիր պետք է մասնագիտական աշխատանքո՞վ զբաղվի: Բայց չէ՞ որ բազմաթիվ այլ գործեր կան, որոնցով նա կարող է զբաղվել: Իհարկե, եթե նա երեխաներ ունի, ապա ավելի լավ է տանը նստի: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող է օգնել նրանց:
– Հա՛յր, շատ կանայք ասում են, որ ստիպված են աշխատել, քանի որ հազիվ են ծայրը ծայրին հասցնում:
– Նրանք ծայրը ծայրին չեն հասցնում, որովհետև ուզում են հեռուստացույց, տեսաձայնագրիչ, սեփական ավտոմեքենա և այլն ունենալ: Այդ պատճառով էլ նրանք պետք է աշխատեն, իսկ դրա արդյունքն այն է լինում, որ նրանք հոգ չեն տանում իրենց երեխաների մասին և կորցնում են նրանց: Եթե միայն հայրն է աշխատում և ընտանիքը բավարարվում է քչով, ապա այդպիսի խնդիր չի առաջանում:
Իսկ երբ աշխատում է թե՛ կինը և թե՛ամուսինը, քանի որ իբրև թե գումարը նրանց չի բավականացնում, ապա ընտանիքը ցաքուցրիվ է լինում ու կորցնում իր բուն իմաստը: Եվ ի՞նչ է մնում անել երեխաներին այս ամենից հետո: Եթե մայրերն ավելի համեստ ու պարզ ապրեին, ապա թե՛ իրենք ուժասպառ չէին լինի, և թե՛ իրենց երեխաները ուրախ կլինեին: Մի մարդ յոթ օտար լեզու գիտեր, իսկ նրա կինը մեծ ջանքեր էր թափում, որպեսզի չորսը սովորի:
Նա նաև մասնավոր դասեր էր տալիս և որպեսզի պահպանի աշխատանքային կեցվածքը՝ մշտապես դեղահաբեր էր ընդունում: Այս զույգի երեխաներն առողջ էին ծնվել, սակայն մեծացան հոգեկան հիվանդներ: Այնուհետև նրանք սկսեցին հոգեվերլուծողների «օգնությանը» դիմել… Այդ պատճառով էլ ես խորհուրդ եմ տալիս մայրերին պարզեցնել իրենց կյանքը, որպեսզի ի վիճակի լինեն ավելի շատ իրենց երեխաներով զբաղվելու, որի կարիքը նրանք ունեն: Այլ հարց է, եթե տանը մայրը մեկ այլ գործ էլ ունի, որով կարող է զբաղվել, երբ հոգնում է երեխաների հետ կապված հոգսերից: Տանը նստած՝ մայրը կարող է հետևել երեխաներին և այլ գործով էլ զբաղվել: Դա օգնում է ընտանիքին խուսափել բազմաթիվ անախորժություններից:
Այսօր երեխաները կարոտ են մայրական սիրո: Բայց նույնիսկ հարազատ մոր լեզուն չեն սովորում, որովհետև մայրն օրեր շարունակ աշխատում է, իսկ երեխաներին թողնում է կողմնակի, հաճախ օտար, կանանց խնամքին: Եթե մանկատների դաստիարակչուհիների մեջ հանդիպում է չամուսնանալու ուխտ արած քրիստոնյա մի քույր, որ երեխաների հանդեպ թեկուզ մի փոքր քնքշանք է ցուցաբերում, ապա այդ երեխաները հազար անգամ ավելի լավ վիճակում են գտնվում, քան նրանք՝ ում ծնողները թողել են այն կանանց հույսին, որոնք դրա համար գումար են ստանում: Իսկ գիտե՞ք, թե ինչին է հանգեցնում այդ ամենը: Նրան, որ եթե երեխան մեկ մայր չունի, ապա՝ մի խումբ դայակ ունի:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի