Նավթի մեկ բարելի գինը կարող է բարձրանալ, եթե Իսրայելը պատասխան տա Իրանին. փորձագետ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարվածների դեպքում համաշխարհային շուկան կարող է բախվել օրական մինչև 1 միլիոն բարել իրանական նավթի կորստի հետ: Մերձավոր Արևելքում սուր առճակատման դեպքում Brent տեսակի նավթի գինը կարող է աճել մինչև ավելի քան 150 դոլար` մեկ բարելի դիմաց: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովը։
Փորձագետը դիտարկում է իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար։
Ավելի մեղմ սցենարը ենթադրում է միայն իրանական նավթի կորուստ, ինչը կարող է գները մղել մինչև 120 դոլար մեկ բարելի դիմաց: Ավելի կոշտ սցենարի դեպքում Իրանը կարող է արգելափակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20%–ը, ինչը զգալի ճնշում կգործադրի շուկայի վրա և կհանգեցնի գների նույնիսկ ավելի մեծ աճի:
Ապրիլի14–ի գիշերը Իրանը կամիկաձե դրոններով հարձակվել է Իսրայելի տարածքի վրա։ Հաղորդվում է Իսրայելի ուղղությամբ արձակված 100 հարվածային անօդաչուների մասին։ Ավելի ուշ հայտնի է դարձել Իսրայելի ուղղությամբ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակման մասին։ Իսրայելը հայտարարել է, որ խոցել են գրեթե բոլոր դրոններն ու հրթիռները։
Իրանն ավելի ուշ հայտարարել է, որ Իսրայելի նկատմամբ «Ճշմարիտ խոստում» գործողությունը կատարվել է, Իրանը չի նախատեսում շարունակել այն։