ԼՂ հարցը օգտագործվել է որպես մեր վզին «պավադոկ» ՝ կաշկանդելով մեր քայլերը. Փաշինյան
«Ինչի համար էին մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր զինվորները, բազմիցս, այդ թվում հրապարակային եմ տվել այդ հարցը, կարևոր համարել դրան շատ կոնկրետ ու բովանդակային պատասխան տալը, իսկ պատասխանը հետևյալն է՝ մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության»,- այս մասին ԱԺ-ում 2023 թվականի կառավարության ծրագրի կատարողականը հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպե՞ս, ի՞նչ հիմնավորում ունի այս բացատրությունը։ Ի եզրակացությունն այն է՝ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի արձանագրմամբ՝ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում և ահա այս արձանագրումից խուսափելու և անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ, «պավադոկ» հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»,- հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ այն բանակցային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի՝ առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն։
«Մենք չգնացինք այդ ճանապարհով և ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով և 44-օրյա պատերազմը մեկնարկեց»,- նշեց նա։