Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումն առավելապես վերաբերելու է հումանիտար և տնտեսական հարցերին․ Կոստանյան

Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը մեծապես ուղղված է լինելու Հայաստանի տնտեսական հնարավորությունների, կարողությունների բարձրացմանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Վաղվա հանդիպման մասին տեղեկատվությունը բավականին բաց է։ Կարող եմ ասել, որ քննարկելու ենք Հայաստան-Եվրամիություն և Հայաստան-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը։ Հանդիպումը մեծապես ուղղված է մեր տնտեսական հնարավորությունների, մեր կարողությունների բարձրացմանը։ Չեմ կարծում, որ պետք է աշխարհաքաղաքական մեծ իրադարձություն դարձնենք այդ միջոցառումը։ Իհարկե, այն շատ կարևոր է մեզ համար, բայց նաև պետք է փորձենք ճիշտ կառավարել առկա ակնկալիքները։ Կարծում եմ, որ վաղը շատ սոլիդ միջոցառում կունենանք և կլինեն արդյունքներ, որոնց մասին կտեղեկացվեք։ Առավելապես տնտեսական և հումանիտար հարցերին է վերաբերելու միջոցառումը»,- նշեց նա։

Վահան Կոստանյանը նկատեց, որ նման ձևաչափով համագործակցությանը դեմ արտահայտվող պետությունները հաճախ փորձում են վաղվա հանդիպման վերաբերյալ ավելի մեծ ակնկալիքներ ստեղծել մեդիադաշտում, որպեսզի հետագայում որոշակի հիասթափություն առաջացնեն հասարակությունում։

Փոխարտգործնախարարն արձանագրեց, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, ուստի այլ երկրներից հնչող որոշ մեկնաբանություններ բացարձակապես անընդունելի են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930