Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցերի պատասխաններ

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում:

3. Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձև գեղձի հորմոն, դեղն ինչու՞ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով:

4. Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը:

5. Շտապօգնության բժիշկը կարո՞ղ է դուրս գրել էլեկտրոնային դեղատոմս:

ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է հաճախ հնչող հարցերի պատասխանները։

1․ Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չէ դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղի անվանումն ու չափաքանակը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ, քանի որ դեղատոմսում այդպիսի բաժին չկա:

2․Ալերգիայի սրացման դեպքում, երբ անձի ինքազգացողությունը կտրուկ վատանում է, ցանկացած դեպքում անհրաժեշտ է զանգահարել շտապօգնություն, քանի որ դեղը պետք է ներարկվի բացառապես բժշկի կողմից, նրա հսկողությամբ: Ինչ վերաբերում է հակաալերգիկ` հակահիստամինային դեղերին, ապա դրանցից ոչ մեկը դեղատմոսով չէ:

3․ Ցանկացած դեղ, անգամ եթե երկարաժամկետ ընդունման է, պահանջում է ժամանակ առ ժամանակ, բժշկի խորհրդատվություն և հետազոտություններ, քանի որ երկարատև դեղ ընդունելու դեպքում կարող է առաջանալ թե՛ դեղը փոխելու, թե՛ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն:

Չկա մի դեղ, որը նշանակվում է միևնույն դեղաչափով և առանց փոփոխության` ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին` պացիենտը կարող է կյանքի ընթացքում ունենալ այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է վերանայվել նշանակված դեղը և դեղաչափը: Կա երկարաժամկետ դեղատոմսի հնարավորություն, որը թույլ է տալիս դուրս գրել դեղ` 180 օրվա համար, ինչի դեպքում ցանկալի է տարին առնվազն 2 անգամ բժշկի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաև հետազոտություն:

4․ Էլեկտրոնային եղանակով դեղի դուրսգրումը տևում է 2-3 րոպե: Թղթային դեղատոմսը դուրս գրելը ոչ պակաս ժամանակատար է, ենթադրում է նաև մատյանների լրացում: Համակարգը նաև հնարավորութուն է տալիս բժշկին նույն պացիենտի համար հաջորդ այցի ժամանակ, ավելի արագ և մի քանի հպումով դուրս գրել դեղատոմսը: Բացի այդ, թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտություն չի առաջանում, և պացիենտը բժշկի սենյակից ուղիղ դիմում է դեղատուն:

5․ Շտապօգնության բժիշկը որևէ դեղ դուրս չի գրում, քանի որ տվյալ պահին ախտրոոշում իրականացնելը և երկարաժամկետ նշանակում անելը չի մնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ: Նա կատարում է տվյալ անհետաձգելի բուժօնության, տեղում գնահատում է վիճակը, եթե վերահսկելի է` տեղում ցուցաբերում է համապատասխան օգնությունը, կամ կազմակերպում է հոսպիտալացումը համապատասխան բուժհաստատություն:

Տեսանյութեր

Լրահոս