Փաստաթղթեր ստորագրած մասնագետ-հսկիչները չեն հանդիսացել պատասխանատու անձ. Ի՞նչ է արձանագրել ՀՊ-ն Քաղաքաշինության կոմիտեում

Հաշվեքննիչ պալատն օրերս հանրայնացրել է Քաղաքաշինության կոմիտեում շուրջ մեկ տարի իրականացրած հաշվեքննության արդյունքները: 2023 թվականի հունվարի 23-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը ՀՊ-ն ուսումնասիրել է քաղաքաշինության կոմիտեի 2022 թվականի ֆինանսատնտեսական գործունեությունը:

168.am-ն առանձնացրել է մի քանի դրվագ ընթացիկ եզրակացության ամենաէական փաստերից:

Այսպիսով, հաշվեքննողը պարզել է, որ 2022 թվականի ընթացքում գործող բոլոր 57 Կապալի պայմանագրերով նշվել են որոշակի աշխատանքների անվանումներ, սակայն բացակայում է կապիտալ ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների ծավալների բաշխումը՝ ըստ շենքերի, շինությունների և շինարարության ժամանակահատվածների:

«Հաջորդիվ կնքված համաձայնագրերում օրացուցային գրաֆիկներում «Կապալառուի կողմից կատարվելիք աշխատանքների նվազագույն ծավալը» բաժինն անվանափոխվել է «Գումար» բաժնի, որտեղ նշվել են ՀՀ դրամով արտահայտված գումարներ, և բացակայում են աշխատանքային փուլերը, կապիտալ ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների ծավալների բաշխումը՝ ըստ շենքերի, շինությունների և շինարարության ժամանակահատվածների։

Կարդացեք նաև

Փաստացի, համաձայնագրերում բացակայում են պատվիրված աշխատանքների անվանումները, ծավալները և դրանց կատարման ժամկետները, և շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունները չեն տիրապետել այն աշխատանքների տեսակներին, անվանումներին, ծավալներին և դրանց կատարման ժամկետներին, որոնց նկատմամբ պետք է իրականացնեին կատարման ժամկետի և որակի տեխնիկական հսկողություն»,- արձանագրվել է եզրակացությունում:

Հետաքրքրական է, որ տեխնիկական հսկողության 34 պայմանագրով փաստաթղթեր ստորագրած մի քանի մասնագետհսկիչներ չեն հանդիսացել պատասխանատու անձ, իսկ որոշ դեպքերում՝ մասնագետհսկիչները միաժամանակ, ամենօրյա ռեժիմով, ծառայություն են մատուցել տարբեր համայնքներում գտնվող շինարարական օբյեկտներում, որը ֆիզիկապես հնարավոր չէր, կամ՝ չեն ներառվել լիցենզիայի ներդիրում։

Նշված է նաև, որ շինարարության իրականացման և շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիայի ներդիրի ստացման համար 2022 թվականին 324 դեպքից 178-ով ներկայացրած փաստաթղթերի թերի լինելու և կառավարութան կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պարագայում՝ լիցենզիաների ներդիրների տրամադրումը չի մերժվել։

Հաշվեքննության օբյեկտի՝ կոմիտեի ներկայացրած մի շարք առարկություններ չեն ընդունվել հաշվեքննողի կողմից:

Հաշվեքննողն իր եզրակացությունն ամփոփել է կոմիտեին ուղղված մի շարք առաջարկներով, այդ թվում՝ մշակել և հաստատել իրավական ակտ, որով կսահմանվի պետական գնումներով իրականացվող շինարարական աշխատանքների շրջանակում, ժամանակի հսկողության համար, կապալառուների կողմից, ամսական պարբերականությամբ, պատվիրատուին ներկայացվող փաստաթուղթ՝ հաշվետվություն, ինչի բացակայության դեպքում՝ սահմանել պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով։

Հիշեցնենք՝ հիշյալ ժամանակահատվածում կոմիտեն ղեկավարում էր Արմեն Ղուլարյանը: Նա աշխատանքից ազատվել էր Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզ այցից հետո, երբ հանրությունն ականատես էր դարձել ցնցուղների և կախիչների ստուգման՝ հայտնի արարողությանը:

Ի դեպ, Գործադիրն այսօր հաստատել է Եղիազար Վարդանյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու մասին որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս