Ադրբեջանը և Վրաստանը միշտ պաշտպանել են միմյանց ինքնիշխանությունը. Ալիև
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։
Նրանք խոսել են նաև տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին, հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է վրաց կառավարության ղեկավարը։
Խաղաղությունն ու կայունությունը հատուկ ուշադրության կարիք ունեն, ասել է նա՝ հավելելով, որ Թբիլիսիի վերաբերմունքը միշտ էլ այդպիսին է եղել։
«Մենք միշտ փորձել ենք հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Այս մոտեցմամբ մենք, իհարկե, կշարունակենք մեր գործունեությունը ապագայում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Իլհամ Ալիևն, իր հերթին, նշել է՝ Վրաստանը և Ադրբեջանը՝ որպես երկու անկախ պետություններ, միշտ մոտ են միմյանց։
«Մենք միշտ հայտարարություններ ենք արել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միմյանց սահմանների անձեռնմխելիության օգտին»,- նշել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածք չի կարող ուժով փոխվել։ Միջազգային իրավական նորմերը պետք է հիմք հանդիսանան յուրաքանչյուր երկրի համար, և խտրականություն չի կարող լինել։
«Ադրբեջանը, որպես երկար տարիներ օկուպացիայից տուժող և իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնած երկիր, լավ գիտի, որ միջազգային իրավական նորմերը որոշ դեպքերում վերականգնվում են ուժի կիրառմամբ»,- ասել է Ալիևը։