Ո՞ւր են արցախցիներին դրսից ուղարկված հսկայական գումարները
Հայաստանի իշխանություններն այնպես են խոսում, կարծես մեծ բան են արել ու անում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելու, նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար։ Երբեմն էլ մուննաթ են գալիս, որ այսքան անելուց հետո, էլի դժգոհում են։
Մոռացել են, թե ինչու են մարդիկ հայտնվել այդ վիճակում, մոռացել են, որ այս ամենի պատասխանատուն իրենք են, որ իրենց ապաշնորհ կամ միտումնավոր քաղաքականության պատճառով է, որ արցախցին հասել է այս օրվան։
Տեղահանումից մեկ ամիս էլ չէր անցել, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե արդեն 100 մլն դոլարի օգնություն են տվել Արցախի «մեր քույրերին ու եղբայրներին»։ Ամիսներ հետո պարզվում է՝ իրականում տրամադրված օգնության գումարները շատ ավելի քիչ են։
Այնպիսի խճճված մեխանիզմներ են ստեղծել, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մինչև հիմա չեն կարողանում օգտվել կառավարության առաջարկած օգնության ծրագրերից։ Մի հասարակ տեղեկանք ստանալու համար այնքան են մարդկանց քաշքշում, տանում-բերում, մի տեղից մյուսն ուղարկում, որ երբեմն գերադասում են զրկվել տրամադրված օգնությունից, քան նման նվաստացումների միջով անցնել։
Զարմանալի չէ, որ հայտարարված մի շարք ծրագրերով օգնություն ստացածների քանակն անհամեմատ ավելի քիչ է, քան տեղահանվածներն են։
2023 թվականի հոկտեմբերին կառավարությունն ընդունեց 40+10 հազար դրամ կեցության ծախսերի հատուցման աջակցության որոշումը՝ 40 հազար դրամը՝ վարձակալության, իսկ 10 հազարը՝ կոմունալ ծախսերի հատուցման նպատակով: Աջակցությունը սահմանվել էր 2023թ. հոկտեմբերից մինչև 2024թ. մարտն ընկած ժամանակահատվածի համար:
Աջակցություն ստացած անձանց թիվն անցած տարվա հոկտեմբերին կազմել է 104 հազար, նոյեմբերին՝ 77,5 հազար, դեկտեմբերին՝ 82,3 հազար։
Այս թվերից ակնհայտ է, որ տասնյակ-հազարավոր բռնագաղթածներ զրկված են եղել կամ չեն կարողացել օգտվել ծրագրից։ Ծրագրի իրականացման երկրորդ ամսում օգտվողների քանակը 26,5 հազարով պակասել է։
Օգտվողները 25 տոկոսով կրճատվել են։
Թեև հաջորդ ամիս ավելացել են, այնուհանդերձ, նրանց քանակն անհամեմատ քիչ է եղել, քան հոկտեմբերին։
Այնպես չէ, որ մարդիկ այլևս այդ 50-հազարական դրամների կարիքը չեն ունեցել։ Պարզապես ամեն ինչ արել են, որպեսզի ծրագրից օգտվողները հնարավորինս քիչ լինեն։
Եվ սա միայն այս ծրագրին չի վերաբերում։ Գրեթե բոլորի պարագայում պատկերը նույնն է։
2023թ. նոյեմբերի 9-ին կառավարությունն ընդունեց որոշում՝ բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու դրամական աջակցության վերաբերյալ: Սահմանվեց, որ 2023թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար մեր հայրենակիցներին կցուցաբերվի 50 հազարական դրամ աջակցություն։
Նոյեմբերին ծրագրով աջակցություն է ստացել՝ շուրջ 69,4 հազար, իսկ դեկտեմբերին՝ 74,4 հազար բռնի տեղահանված։
Այն դեպքում, երբ բռնի տեղահանվածների թիվը հասնում է գրեթե 120 հազարի։
Քիչ է, կառավարությունը չնչին օգնություն է տրամադրում տնից-տեղից զրկված, ամեն ինչ կորցրած այս մարդկանց, նրանց մի զգալի մասն էլ պարզապես չի կարողանում օգտվել այդ ծրագրերից, կամ այնպես են արել, որ չօգտվեն։
Գումարները, որոնք տրամադրվում են, շատ հաճախ նույնիսկ չեն բավականացնում անգամ բնակարանի վարձերը փակելուն։ Էլ չասենք սոցիալական ու կենցաղային բազմաթիվ այլ խնդիրները։ Մարդիկ դատարկաձեռն հեռացել են իրենց տներից ու այստեղ բախվել կենցաղային նույնիսկ ամենատարրական խնդիրներին, որոնք լուծում են պահանջում։
Կառավարության տրամադրած գումարները ոչինչ են՝ ապրելու, բնակարան վարձելու, կենցաղային նվազագույն կարիքները հոգալու ու գոյատևելու համար։
Սա է պատճառը, որ շատերը ստիպված հեռանում են նաև Հայաստանից։
Որոշ տեղեկություններով՝ բռնի տեղահանված 15-20 հազար արցախցիներ արդեն հեռացել են։
Սպասվում է, որ այս հոսքն առաջիկայում կակտիվանա։ Այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում լուծել արցախցիների՝ հատկապես բնակարանային խնդիրները։
Շատերը հույս ունեին, որ պետության օժանդակությամբ գոնե բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան։ Բայց այն, ինչ առաջարկում է կառավարությունը, պարզապես ծաղր է այս մարդկանց նկատմամբ։ Յուրաքանչյուրին՝ 3 մլն դրամ, այն էլ՝ մի մասը պարտքով։
Վերջին տարիներին անշարժ գույքի գների այսպիսի բարձրացումից հետո, դժվար չէ պատկերացնել, թե որքանո՞վ հնարավոր կլինի այդ գումարով բնակարան գնել։ Առավել ևս, երբ ընտանիքի անդամների թիվը փոքր է։
Պատկերացրեք՝ 2 անձով ընտանիքին տրամադրվելու է 3-ական միլիոն դրամ, ընդհանուրը՝ 6 միլիոն։
Հայաստանի ո՞ր ամենահեռավոր գյուղում անգամ կարելի է այսօր այդ գումարով բնակարան գնել։
Իրականում սա ոչ թե խնդրի լուծում է, այլ պարզապես լուծման իմիտացիա։
Արցախի իշխանությունները սրա մեջ նույնիսկ լուրջ վտանգ են տեսնում՝ արցախցիների արտագաղթը Հայաստանից խթանելու առումով։
«Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։
Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։
Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից»,- անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող՝ Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային աջակցության ծրագրին, այսպիսի հայտարարություն-ահազանգ հնչեցրեց Արցախի Ազգային ժողովը։
Մինչ կառավարությունը հակված է հնարավորինս սեղմել Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը, հայտնի է, որ այս ընթացքում բազմաթիվ երկրներ ու կառույցներ հայտարարել են, այսօր էլ շարունակում են հայտարարել արցախցիներին հումանիտար օգնության տրամադրման մասին։
Միայն անցած տարի հատկացված աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 109 մլն դոլար։
Ո՞ւր են այս գումարները, ի՞նչ են արել, ծախսե՞լ են, թե՞ ոչ, հայտնի չէ։ Բայց ակնհայտ է, որ դրանք շատ ավելին են եղել, քան աջակցության ծրագրերի շրջանակներում արցախցիներին տրամադրված այն օգնությունները, որոնք իշխանությունները ներկայացնում են իրենց անունից։
Դեռ չհաշված, թե Արցախի հայաթափման հետևանքով որքան գումարներ են հասցրել տնտեսել՝ Արցախի բյուջեին ամեն տարի տրամադրվող օժանդակության հաշվին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ