«Ձերբակալելո՞ւ եք Վլադիմիր Պուտինին». 168.am-ի հարցը՝ Վահե Ղազարյանին

Ազգային ժողովի ու կառավարության հերթական նիստերը, Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ականների, իշխանամերձ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, հայտարարությունները շարունակ արձանագրում են, որ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բարվոք վիճակում չեն: Հռոմի ստատուտին միանալու քայլը նոր ուժով էր հարվածել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններին, քանի որ հենց Միջազգային քրեական այս դատարանն է (ՄՔԴ) Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ այդպես էլ հստակ չէր պատասխանել հարցին՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Երևան, նրան կձերբակալե՞ն. այս ուղիղ հարցին պատասխանելու համար Փաշինյանը պատմական ակնարկին էր դիմել, ապա խուսափել հստակ պատասխանից՝ ասելով.

«Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»:

Կարդացեք նաև

Մի կողմ թողնենք, որ Հայաստանը ոչ միայն իրավական պետություն չէ, և դատարանների որոշումները թելադրվում են մի կետից՝ Փաշինյանի կողմից, բայց փաստ է այն, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, վախեցավ հստակ պատասխանել բրիտանացի լրագրողի կողմից մի քանի անգամ հնչեցված այդ հարցին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերջերս նշել էր՝ մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Հայաստան, Ռուսաստանը կարիք ունի իր հայ գործընկերների որոշակի հավաստիացումների՝ ՄՔԴ-ին միանալու հետ կապված:

Քանի որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, խնդիրն իրավական է, 168.amը ՀՀ Ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանից հետաքրքրվեց.

– Ի՞նչ եք անելու, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գա Հայաստան:

 – Եթե համաձայն եք ՄՔԴ պահանջին, որին միացել եք, ձերբակալելո՞ւ եք ՌԴ նախագահին:

 – Ո՞ր կառույցն է իրականացնելու Պուտինի կալանավորումն ու արտահանձնումը ՄՔԴ-ին:

Մեր գրավոր այս հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն խփել էր և՛ մեխին, և՛ նալին՝ իշխանության առաջին խոսափող Փաշինյանի նման հրաժարվելով ուղիղ պատասխանից:

«ՆԳՆ ոստիկանությունը կղեկավարվի ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ ամրագրված կարգավորումներով»,- ի պատասխան մեր հարցի՝ նշել էր Վահե Ղազարյանը:

Ակնհայտ է, որ ՆԳՆ-ն պարտավոր է առաջնորդվել հիշյալ կարգավորումներով, բայց Վահե Ղազարյանին ուղղված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ այդպես էլ բաց է մնում հարցը՝ այս պահին առկա միջազգային իրավական պարտավորություններով առաջնորդվելը ենթադրո՞ւմ է Պուտինի ձերբակալում, թե՞ ոչ:

Այս մասին մեկ այլ գրավոր հարցմամբ 168.am-ը դարձյալ կդիմի Վահե Ղազարյանին:

Տեսանյութեր

Լրահոս