Փորձում են կափարիչ դնել Արցախի հարցի վրա և այն փակել՝ չպետք է գնալ այդ ճանապարհով. Սամվել Շահրամանյան
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում էր։ Լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց, թե ինչու է գնացել այնտեղ։
«Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցման, որը ես ստացել եմ փետրվարի 20-ին, նշված էր, որ իրենք ստացել են իմ՝ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ դատախազին ուղղված գրությունը։ Այդ գրության մեջ ես խնդրել էի, որ սոցիալական ցանցերում հայտնի դարձած այն տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության կողմից որոշ պաշտոնյաների կողմից դրսևորվել են խախտումներ, հիմնականում՝ ֆինանսական ոլորտում, որպեսզի այդ հայտարարություններն ընդունեն հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկեն համապատասխան քայլեր։ Այդ փաստերի ուսումնասիրության արդյունքում իրենց կողմից հարուցվել է քրեական վարույթ և այդ շրջանակներում ինձ հրավիրել են՝ որպես վկա հարցաքննվելու»,- նշեց Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ այս պահին չի ցանկանում կոնկրետ անուններ նշել, վարույթ իրականացնող մարմինն ավելի ճիշտ կպարզաբանի հարցը։
«Մեզ համար շատ կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանները, եթե կան մեղավորներ՝ անպայման պետք է պատժվեն։ Ընդհանուր տարբեր խախտումների մասին է խոսքը, այն բոլոր տեղեկությունները, որոնք ի հայտ են եկել սոցիալական ցանցերում, խնդրել եմ, որ բոլորն ուսումնասիրության առարկա դարձնեն»,- շեշտեց Արցախի նախագահը։
Ինչ վերաբերում է իր անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալությանը և նրա անվան շուրջ ստեղծված իրավիճակին, Սամվել Շահրամանյանն ասաց, որ ուժային մարմիններից խնդրում է, որպեսզի կարճ ժամանակում լուծեն Աշոտ Դանիելյանի ազատ արձակելու հարցը, քանի որ գործը շինծու է։
«Մենք բոլորս ականատես ենք եղել դրան։ Մեծ հարցեր է առաջացնում նաև ձերբակալության օրինաչափությունը և քաղաքի կենտրոնում 20 հոգով դիմակավորված ձերբակալելը անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակալել նախագային սպասարկող մեքենայի միջից՝ մեծ հարցեր է առաջացնում։ Առաջիկայում մենք այդ հարցերի պատասխանները կստանանք։
Մեկ բան էլ՝ այս ամենը կապ ունի այն բանի հետ, որ փորձում են այն, ինչը կապված է Արցախի հետ՝ կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը։ Բայց ինձ թվում է՝ չպետք է գնալ այդ ճանապարհով, պետք է գտնել լուծումներ՝ Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների համար։ Կարծում եմ՝ մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը, և այն միշտ արյունահոսելու է»,- եզրափակեց Սամվել Շահրամանյանը։