Եթե 2018-ին ասեին՝ Ղարաբաղյան շարժումը սխալ էր, ոչ ոք հեղափոխական իշխանության կողքին չէր կանգնի. Ալեքսան Հակոբյան
«Արցախյան շարժումը Հայաստանի պետականության հիմքում դրված շարժում էր՝ միտված անկախ Հայաստանի կայացմանը, ուստի Հայոց համազգային շարժման ուժը նրանում էր, որ կարողացավ հաղթահարել մի կողմից՝ ազգային էգոիզմը, մյուս կողմից՝ ձևավորեց օրակարգ, որը համաշխարհային զարգացումների համատեքստին համահունչ էր»,- այսօր Արցախյան շարժման 36-րդ տարեդարձին նվիրված քննարկման ժամանակ նման բացման խոսքով հանդես եկավ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Պատահական չէ, որ 88 թվականից սկսած երկրում հաստատվել էր երկիշխանություն՝ փողոցը ղեկավարում էր Ղարաբաղ կոմիտեն, միայնակ էր մնացել Կոմունիստական իշխանությունը, որը օր օրի մաշվում էր»,- հավելեց Սուրենյանցը։
Քննարկման մասնակից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանն էլ, խոսելով «Ղարաբաղ» կոմիտեի առաջ ծառացած խնդիրների մասին, նախ նշեց՝ այն ժամանակ կոմիտեի անդամներն անընդհատ հանդիպում էին խնդիրների, սակայն դա նրանց չէր խանգարում հասնել դրված նպատակին, որովհետև ընդհանուր մոտեցումը հետևյալն էր՝ Արցախը պետք է լինի հայկական, և այդ ուղղությամբ ինչ արվում է, լավ է։
«Հիշում եմ՝ Վազգեն Մանուկյանն ասում էր՝ ինչ որ արել ենք, ճիշտ ենք արել։ Իմ մոտեցումն էլ է այդպիսին»,- իրենց գործունեության մասին դրվագներ հիշելով՝ պատմեց Ալեքսան Հակոբյանը՝ շեշտելով, ցավալի է, որ 2018 թվականի իրադարձությունները եղան. մի շարժում, որի գաղափարախոսությունը մեկն էր՝ 20 տարի, ինչ արվել է, սխալ է եղել։
«Հետո, սակայն, այդ հեղափոխական իշխանությունը հայտարարեց, թե 30 տարվա արածն է սխալ։ Վստահ եմ, եթե նրանք 2018 թվականին հայտարարեին, թե 30 տարվա եղածը սխալ էր, որևէ մեկը նրանց հետ չէր լինի։
Ոչ մի հեղափոխություն չէր հաղթի, եթե ասեին՝ Արցախյան շարժումը սխալ է եղել»,- ասաց Ալեքսան Հակոբյանը։