Լիբանանին Իսրայելի հասցրած հարվածներից 11 քաղաքացիական անձ է զոհվել. Reuters
Լիբանանի հարավում գտնվող գյուղերին փետրվարի 14-ին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 11 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա։ Եվս 7 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով հիվանդանոցի տնօրենին և լիբանանյան անվտանգության աղբյուրներին։
Իսրայելը հայտարարել է, որ հարվածները հասցրել է «Հեզբոլլահ»-ի կողմից հրթիռային հարձակմանն ի պատասխան։
Լիբանանի և Իսրայելի սահմանին պարբերաբար գնդակոծություններ են տեղի ունենում հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժմանն ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում։
Իր հերթին «Հեզբոլլահ»-ը հայտնել է, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են իր զինյալներից 4-ը։
Իսրայելն իր հերթին հայտնել է, որ Լիբանանի հրթիռակոծության հետևանքով փետրվարի 14-ի առավոտյան զոհվել է իսրայելցի 1 զինվոր, 8-ը վիրավորվել են։
Reuters-ը նշում է, որ Իսրայելի և Լիբանանի սահմանին գնդակոծությունների հետևանքով վերջին ամիսներին Լիբանանում զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 170-ից ավելի «Հեզբոլլահ»-ի մարտիկներ, ինչպես նաև մեկ տասնյակից ավելի իսրայելցի զինվորներ և 5 քաղաքացիական անձինք։ Երկու երկրներում նաև տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվել են սահմանամերձ բնակավայրերից։