Ադրբեջանն ասում է՝ ինչ ուզում եմ, տվեք բանակցություններով, թե չէ` կվերցնեմ ուժով. Փաշինյան

Կառավարության նիստում անդրադառնալով Ներքին Հանդի դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքում տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է։

«Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց` դեռ 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը։

Փաշինյանի խոսքով` ՀՀ-ն, հավատարիմ լինելով պայմանավորվածությանը, ստեղծեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ հանձնաժողովները նաև այդ հարցերով են աշխատելու։

Իսկ Ադրբեջանն իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության բաղադրիչը։

«Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս