Իսրայելը պահանջել է տարհանել բոլոր մարդկանց Գազայի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցից. «ՌԻԱ Նովոստի»
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պահանջում է տարհանել բոլոր անձանց, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հարավային Խան Յունիս քաղաքի պաշարված «Նասեր» բժշկական համալիրում: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը։
Ավելի վաղ պաշարված հիվանդանոցին հարող ճանապարհին ԻՊԲ-ի գնդակոծության տակ էր հայտնվել պաղեստինցի լրագրող Մոհամեդ ալ Հիլուն, որը համագործակցում է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ։ Գնդակներից մեկը դիպել էր նրա զրահաբաճկոնին:
Գործակալության թղթակցի խոսքով՝ Իսրայելի զինծառայողներն ազատ են արձակել իրենց մոտ գտնվող պաղեստինցի գերիներից մեկին, որը փոխանցել է ԻՊԲ-ի ուղերձը բժշկական համալիրն անհապաղ լքելու անհրաժեշտության վերաբերյալ։
«Բոլորդ դուրս եկեք հիվանդանոցից։ (ԻՊԲ-ի) զինվորն ինձ ասաց, որ իրենք կոչնչացնեն ամբողջ շրջանը և հենց հիվանդանոցը, և բոլորն այն պետք է լքեն», – ասել է գործակալության աղբյուրը:
«Նասեր» հիվանդանոցային համալիրն իսրայելական բանակի կողմից պաշարման մեջ է ավելի քան երկու շաբաթ։ Բացի մնացած բուժանձնակազմից, շրջափակման մեջ է հայտնվել ավելի քան 400 հիվանդ։ Բժշկական անձնակազմն ունի ամենատարրական պատրաստուկների ու էլեկտրագեներատորների համար վառելիքի աղետալի պակաս:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 28 340-ի, 68 000 մարդ վիրավորվել է։