Կալինինգրադի նահանգապետը փիլիսոփա Կանտին մեղադրել է Ուկրաինայի պատերազմի մեջ
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը Սվետլոգորսկում քաղաքագետների V համագումարում ելույթի ժամանակ գերմանացի փիլիսոփա Իմանուել Կանտին մեղադրել է Ուկրաինայի ռազմական հակամարտության մեջ, հայտնում է Федерал Пресс-ը։
«Կանտը, որը ծնվել է այստեղ, գրեթե անմիջական առնչություն ունի համաշխարհային քաոսի, գլոբալ վերակազմավորման հետ, որին մենք այժմ բախվում ենք։ Ավելին, նա ուղղակի կապ ունի Ուկրաինայի ռազմական հակամարտության հետ»,- ասել է Ալիխանովը։
Ըստ նրա, Կանտը հիմք դրեց գերմանական դասական փիլիսոփայությանը, մարզեց գերմանական կամքը՝ միաժամանակ կտրելով այն բարձրագույն արժեքներից։
Արդյունքում, ըստ Ալիխանովի, հենց այսպիսի սոցիալ-մշակութային փիլիսոփայություն է առաջացել։
Ալիխանովի կարծիքով, Կանտը մեղավոր է ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմի, այլև ուկրաինական ներկայիս հակամարտության համար։
«Արևմուտքը վաղ ժամանակներից խախտում էր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Երբ անընդհատ ապրում և աշխատում ես Կալինինգրադի մարզում, անհնար է չմտածել համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին»,- ասել է նա։