Բաժիններ՝

Բլինքենը Աբբասի հետ հանդիպմանը հայտարարել է պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ Ռամալլայում կայացած հանդիպմանը հաստատել է, որ Վաշինգտոնն անկախ պաղեստինյան պետության ստեղծումը համարում է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու լավագույն ուղին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Բլինքենը նաև հայտնել է Գազայի հատվածում քաղաքացիական անձանց կենսականորեն անհրաժեշտ հումանիտար օգնության առաքումն ապահովելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև «ընդգծել է, որ Միացյալ Նահանգները մերժում է Գազայի հատվածից պաղեստինցիների ցանկացած բռնի տեղահանումը»։

Պաղեստինյան WAFA գործակալությունը հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրել է, որ «Աբբասն ընդգծել է պաղեստինյան ժողովրդի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, հատկապես՝ Գազայի հատվածում»։ Նա նաև Միացյալ Նահանգներին կոչ է արել միջամտել՝ «դադարեցնելու ահաբեկչական գաղութարարների հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին»։

Էնթոնի Բլինքենը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում եղել էր նաև Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Կատարում, Իսրայելում՝ փորձելով հասնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հրադադարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս