Անդրանիկ Թևանյանն ընդդիմադիրներին կոչ է անում բոյկոտել Երևանի ավագանու արտահերթ նիստը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում բոյկոտել փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվելու է ավագանու 5 ընդդիմադիր անդամների մանդատից զրկելու հարցը։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների ներկայացուցիչները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են ավագանու նիստերից բացակայությունների հիմքով մանդատից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին։

«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց, որ այդ նիստը պետք է տապալել։ «Վաղվա նիստը չպետք է կայանա, այն պետք է բոյկոտել»,- հայտարարեց Թևանյանը։

Նիստը բոյկոտելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ շեշտելով, որ «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու՝ փետրվարի 7-ին կայանալիք նիստին։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, որը հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցությունը լքելու մասին, «Արմենպրես»-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել Վարդան Ղուկասյանի հայտարարությունը՝ նշելով, որ հարցազրույց չի տալու։ Հաշվի առնելով «Հանրային ձայն» կուսակցության ներսում առկա տարաձայնությունները՝ առայժմ պարզ չէ՝ կմասնակցե՞ն «Հանրային ձայն» խմբակցության անդամներն ավագանու նիստին, թե ոչ։ Ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ազգային առաջընթաց»-ը, ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով անընդունելի էր համարել ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը և դա որակել էր ընդդիմադիրներին լռեցնելուն միտված քայլ։

Եթե «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունները չմասնակցեն Երևանի ավագանու արտահերթ նիստին, նիստը սկսելու համար քվորում չի ապահովվի և այն չի կայանա։

Տեսանյութեր

Լրահոս