Չնայած ռազմավարական գործընկերության հռչակագրին, հայ-վրացական հարաբերություններն էապես կախված են աշխարհաքաղաքական միջավայրից. վրացի վերլուծաբան

Մինչ Հարավային Կովկասը եռում է աշխարհաքաղաքական և ռեգիոնալ զարգացումներից, Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Վրաստան կատարած այցից և Վրաստանում հայ-վրացական ռազմավարական դաշնակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո Վրաստանում վարչապետ է փոխվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է որպես երկրի վարչապետի թեկնածու։ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին։

Ղարիբաշվիլին և Կոբախիձեն փոխեցին իրենց դիրքերը։

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի ծրագրում ասվում է, որ Վրաստանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության հաստատման համար։ Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։ Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին վստահություն կհայտնի վարչապետի թեկնածուին, նրա կառավարության կազմին և ծրագրին։

«Վրաստանը շարունակում է տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարել և այդպիսով իր զգալի ներդրումն ունենալ տարածաշրջանի կայուն զարգացման գործընթացում: Այս տեսանկյունից առաջին հերթին ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղությունը և համագործակցությունը խթանելու հարցում: Այդ նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ամրապնդել հաջող համագործակցությունը հարևան պետությունների հետ, ինչպես նաև շարունակել ազգային շահերի, ռազմավարական գործընկերության և բարիդրացիության հիմքով սահմանների սահմանազատման գործընթացը»,- ասված է ծրագրում։ Փաստաթղթում ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր դինամիկան Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Կարդացեք նաև

Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, այս փոփոխությունը որևէ կերպ չի անդրադառնա Վրաստանի արտաքին քաղաքական օրակարգի վրա՝ հատկապես ռեգիոնում, քանի որ Վրաստանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի միջև։

Սակայն, նրա խոսքով, այնպես է ստացվել, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ռազմավարական հայտարարվող հարաբերություններն ավելի վաղուց են, ավելի հիմնավոր, քան Հայաստանի դեպքում է։

«Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական դաշնակցության մասին հռչակագրի ստորագրումը, բնականաբար, հարաբերություններում մեկ կամ մի քանի քայլ առաջ կարելի է համարել, սակայն միևնույն ժամանակ այդքան էլ հստակ չէ, թե բովանդակային առումով ինչ նորություն է պարունակում հայ-վրացական հարաբերությունների համար այս հանգրվանը։ Կարծում եմ՝ կողմերը պարզապես այս հռչակագրով ամրագրում են արդեն իսկ առկա համագործակցությունը, այլ չեն գծում նոր ճանապարհային քարտեզ, չեն նախանշում նոր խորություններ, նոր նպատակներ չեն դնում հարաբերություններում։ Սա մասամբ պայմանավորված է ընդհանուր արտաքին միջավայրով, որում Հայաստանն ու Վրաստանն են, այնպես էլ տեսլականի բացակայությամբ գուցե։ Հայ-վրացական հարաբերությունները, որոնք մշտապես եղել են չափազանց լավ, ներկայումս տեղավորվում են ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակում։

Հայ-վրացական հարաբերություններում, ըստ իս, ներկայումս ավելի կարևոր է ոչ թե երկկողմ օրակարգը, այլ ռեգիոնալ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և միջնորդների շարժը դրա շուրջ, Վրաստանի դիրքավորման փորձն այդ գործընթացում՝ որպես երկու կողմի համար վստահելի ռեգիոնալ երկիր»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, նույնիսկ հռչակագիրը կարծես Արևմուտքին ուղղված քայլ լինի՝ ցույց տալու համար երկու երկրների արևմտամետությունը։

«Իսկ թե իրականում ինչպես են խորացնում Հայաստանն ու Վրաստանն իրենց հարաբերությունները, ինչպիսի նոր ծրագրեր կան, հասկանալի չէ։ Կարծում եմ՝ բացի արտաքին միջավայրում դիրքավորվելուց՝ Հայաստանն ու Վրաստանը հարաբերությունների սեփական լավ օրակարգը կարող են ունենալ, մի փոքր անկախ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ երկու երկրների հարաբերությունների ազդեցությունից։ Ինչ խոսք, հատկապես այսօր դա բարդ է, բայց կարծում եմ՝ շատ ավելի հարուստ կարող էր լինել երկկողմ օրակարգը՝ թե առևտրատնտեսական, թե քաղաքական։ Եթե հարաբերությունների երկկողմ հիմքն ամուր լինի, աշխարհաքաղաքական ցնցումները կունենան քիչ հետևանք այս հարաբերությունների վրա։ Իսկ այսօր հայ-վրացական հարաբերությունները կախված են արտաքին զարգացումներից, և հռչակագիրը դրա շրջանակում տեղավորվող փաստաթուղթ է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս