Եվրոպայի գրադարաններից գողացված Պուշկինի հրատարակությունների արժեքը գերազանցել է 2 միլիոն եվրոն․ The Times
Եվրոպայի առաջատար գրադարաններից գողացված ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի և այլ ռուս դասականների ստեղծագործությունների առաջին հրատարակությունների արժեքը գերազանցել է 2 միլիոն եվրոն: Այս մասին հաղորդում է The Times պարբերականը։
Եվրոպայում գրադարանավարները հայտնաբերել են, որ Պուշկինի և 19-րդ դարի այլ հայտնի ռուս գրողների ստեղծագործությունների հազվագյուտ և արժեքավոր առաջին հրատարակությունները փոխարինվել են կեղծ օրինակներով։
Այս պահի դրությամբ կորստի մասին վերջինը հայտնել է Բեռլինի պետական գրադարանը: Գրադարանային ֆոնդից անհետացել են Պուշկինի երեք ստեղծագործություններ՝ «Ավազակ եղբայրներ» պոեմը, «Բորիս Գոդունով» պատմական դրաման և «Կովկասի գերին» պոեմը, ինչպես նաև Ալեքսանդրա Էքստերի և բանաստեղծ Ալեքսեյ Կրուչոնիխի ֆուտուրիստական գրքերի առաջին հրատարակությունները, որոնք գնահատվում են մի քանի հարյուր հազար եվրո։
«Կեղծիքները պատրաստված են բարձր մակարդակով, – մեջբերում է պարբերականը Բեռլինի պետական գրադարանի խոսնակ Բարբարա Հայնդլի խոսքերը: – Անհրաժեշտ է խոշորացույց օգտագործել անճշտությունները հայտնաբերելու համար, ինչպիսիք են տպագրության փոքր կետերը, սխալ դրոշմը կամ թղթի տարբերությունը»:
2023 թ․ նոյեմբերին Ֆրանսիայում ձերբակալվել էին 3 վրացիներ, որոնց կասկածում են Պուշկինի հազվագյուտ ստեղծագործությունները գրադարաններից գողանալու մեջ։ 24, 26 և 44 տարեկան (2 կին, 1 տղամարդ) կասկածյալներն, ըստ քննիչների, Եվրոպայում գրողի ստեղծագործությունների գողացման մեջ մասնագիտացած միջազգային հանցավոր ցանցի անդամներ են։
Ցանցի անդամները, սովորաբար, հեղինակավոր գրադարաններում կամ համալսարաններում խնդրել են տեսնել արժեքավոր գիրքը՝ պատճառաբանելով, թե հետազոտական նախագիծ են իրականացնում։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վիլնյուսի համալսարանի հազվագյուտ գրքերի ընթերցասրահից գողացել են Գոգոլի, Լերմոնտովի, Պուշկինի ստեղծագործությունների 17 հրատարակություններ՝ 440 հազար եվրո արժողությամբ։ Էստոնիայի Տարտուի համալսարանի գրադարանը կորցրել է ութ հազվագյուտ հրատարակություն՝ մոտ 158 հազար եվրո արժողությամբ, իսկ երկու արժեքավոր հրատարակություն գողացել են Լատվիայի ազգային գրադարանից։
Վարշավայի համալսարանի գրադարանից գողացված հազվագյուտ ռուսական գրքերի արժեքը, ներառյալ՝ Պուշկինի և Գոգոլի մի քանի ստեղծագործությունների առաջին հրատարակությունները, կազմում է մոտ կես միլիոն եվրո։ Ընդհանուր առմամբ, գողացվել է 87 հազվագյուտ հրատարակություն։ Դրանց մեծ մասը տպագրվել է Ռուսական կայսրության տարածքում 19-րդ դարի առաջին կեսին։