Բաժիններ՝

3830 ուսուցիչ կամավոր ատեստավորվել է և ունի բարձրացված դրույքաչափ․ ԿԳՄՍ փոխնախարար

Կամավոր ատեստավորման վերաբերյալ ուսուցիչների կողմից բարձրաձայնված ամենակարևոր խնդիրներից մեկը դրա տևողությունն է․ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հարցի լուծումը քննարկել է Գնահատման և թեստավորման կենտրոնի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Շատ ուսուցիչներ բարձրաձայնում են այն հարցը, որ կարող էին թեստը լուծել ամբողջությամբ, եթե ժամանակն իրենց բավարարեր։ Մենք Գնահատման ու թեստավորման կենտրոնի հետ այս հարցը քննարկել ենք, որովհետև կամավոր ատեստավորման նպատակը ուսուցչի արագությունը ստուգելը չէ , այլ գիտելիքները ստուգելն է։ Հետևաբար, մենք չպիտի ունենանք մի իրավիճակ, երբ ուսուցիչը ժամանակով սահմանափակված լինելու հետևանքով կունենա ցածր արդյունքներ։ Պիտի ամեն ինչ անենք, որ հաջորդ տարի այս խնդիրը չունենանք»,-հավաստիացրեց փոխնախարարը՝ հավելելով, որ բոլոր այն խնդիրները, որոնք նախորդ տարիներին արձանագրվել են, փորձում են անպայման լուծել։

Անդրադառնալով կամավոր ատեստավորման գործող ընթացակարգերի առանձնահատկություններին՝ Սվաջյանը կարևորեց 2023 թվականին կատարված այն փոփոխությունը, ըստ որի բոլոր դասարանների ու առարկաների ուսուցիչներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել ատեստավորմանը։

Այս ուսումնական տարվա ընթացքում 4000-ից ավելի ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ եղել են ուսուցիչներ, որոնք 3 տարի անընդմեջ մասնակցել են, ամեն տարի բարելավում գրանցել կամ առնվազն պահպանել են իրենց նախորդ տարվա արդյունքները։

«Ընդհանուր առմամբ ունենք 3830 ուսուցիչ, որոնք արդեն իսկ կամավոր ատեստավորված են և ունեն բարձրացված դրույքաչափ ու ստանում են համապատասխան հավելավճար։ Բնականաբար, սա այն ցուցանիշը չէ, որին մենք ձգտում ենք և ուզում ենք, որ մեր ուսուցիչները մասնակցության շատ ավելի մեծ տոկոս ունենան։ Դրանով պայմանավորված՝ պարբերաբար ընթացակարգերում փոփոխություններ ենք անում։ Օրինակ՝եթե մինչ այս տարի 60-69 տոկոս արդյունք գրանցած ուսուցիչները համարվում էին ատեստավորված, բայց դա իրենց աշխատավարձի վրա որևէ ազդեցություն չէր ունենում, ապա այս տարի նրանց դրույքաչափը բարձրանում է՝ դառնալով 200 հազար դրամ»,-ներկայացրեց փոխնախարարը՝ հայտնելով, որ այլ շեմեր են սահմանվել, և ուսուցիչները ևս մեկ անգամ ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունենում։

Սվաջյանը կարևորեց նաև վերապատրաստման հնարավորության ներդրումը, որի շնորհիվ բոլոր այն ուսուցիչներին, որոնք չեն հաղթահարում կամավոր ատեստավորումը, պետության կողմից մասնագիտական գիտելիքներով անվճար վերապատրաստման հնարավորություն է տրվում։ Վերապատրաստումները հիմնականում իրականացվում են այն բուհերի կողմից, որոնք այդ ուսուցիչներին պատրաստող ուսումնական հաստատություններն են։

Ըստ փոխնախարարի՝ 2024 թվականին նորություններ կլինեն պարտադիր վերապատրաստման համակարգում։

«Տարիներ շարունակ պարտադիր վերապատրաստումներն իրականացվել են նույն ծրագրով բոլոր ուսուցիչների համար՝ անկախ նրանից սկսնակ է, թե փորձառու, փորձագետ ուսուցիչ, թե վերապատրաստող։ Բնականաբար, դա այնքան էլ արդյունավետ մեխանիզմ ու համակարգ չի։ Մշակել ենք մի մեխանիզմ, որն առաջիկայում կգործարկվի․ դրանով գնահատվելու են ուսուցիչների կարիքները և այդ գնահատողը լինելու է հենց ինքը՝ ուսուցիչը և այդ դպրոցի տնօրենը»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ տնօրենն ու ուսուցիչը յուրաքանչյուրն իր հերթին կգնահատեն կարիքները, որից հետո միջինացվելու են արդյունքներն ու որոշվելու է, թե տվյալ ուսուցիչը որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի։

«Հնարավոր է ուսուցիչը տարբեր գործընթացներում, տարբեր մոդուլներում, տարբեր մակարդակներում մի բանից շատ ուժեղ լինի, բայց մյուսում դեռ աջակցության կարիք ունենա։Այս համատեքստում նաև ավելացրել ենք գիտելիքների կտորը, որովհետև կամավոր ատեստավորումը մանկավարժությանն ուղղված կտոր չի, այլ զուտ առարկայական գիտելիքներն են»,-ընդգծեց Սվաջյանը։

Կարիքների գնահատման գործընթացում կլինի նաև առանձին բաղադրիչ․ եթե, օրինակ, ուսուցչի կամ տնօրենի կողմից նշում կատարվի, որ տվյալ ուսուցիչը առարկայական բաղադրիչով գիտելիքների ուժեղացման խնդիր և կարքի ունի, ապա նրա համար վերապատրաստումները կկազմակերպվեն հենց այդ ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս