Վատ եղանակային պայմաններում ճանապարհային խնդիրներին ավելի շատ բախվում են բեռնատար մեքենաները. Վերին Խոտանանի գյուղապետ
2020 թվականի 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Ադրբեջանին պաշտոնապես հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը։ Թեև դրա մասին մի շարք ընդդիմադիր գործիչներ հայտարարում էին, որ 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, երբ Հայաստանի իշխանությունները հրամայել են զորքերը հետ քաշել Սյունիքից: 2021 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել: «Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ։ Ես տվել եմ հետ քաշվելու հրաման, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»,- 2021 թվականին ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Դրանից մի քանի օր անց, այսինքն՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել էր, որ այդ օրը՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ՝ մաքսակետեր կտեղադրի։ Այս հայտարարության հաջորդ օրն էլ ԱԽ քարտուղարը հայտնել էր, որ իր տրամաբանությամբ՝ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհով անցնելիս պետք է որոշակի գումար վճարեն ադրբեջանական կողմին։ Օրեր անց թշնամին մաքսակետ տեղադրեց նաև Կապան-Ճակատեն հատվածում, որի արդյունքում բազմաթիվ գյուղեր այսօր չեն կարողանում օգտվել հիմնական ճանապարհից։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունից մեկ օր անց՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խորհուրդ էր տվել երթևեկել Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհով, հավաստիացնելով, թե լավ ու որակյալ ասֆալտապատել են այդ ճանապարհը։
Այս ամենի արդյունքում մարզի բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու դիտարկման ու թիրախի տակ։
Թեպետ Հայաստանի իշխանությունը տարբեր առիթով խոսում է Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի մասին, ներկայացնելով, թե ինչ ծախսեր է արել, որպեսզի մարդկանց հարմար ճանապարհ դարձնի, իրականում այլընտրանքային համարվող այդ ճանապարհը հատկապես ձմռանը և վատ եղանակային պայմաններում մեծ խնդիրներ է առաջացնում մարզի բնակիչների համար։
Օրերս 168.am-ին են դիմել մարզի մի խումբ բնակիչներ, որոնք բողոքում էին, որ Կապանից Երևան հասնելը դարձել է մահվանը հաղթահարելու նման մի բան, քանի որ Կապանից հասնելով վերին Խոտանան, ձյան պատճառով կարող են ժամերով կանգնել ճանապարհին։
«Այդ հատվածում նույնիսկ լավ եղանակին ենք դժվարությամբ երթևեկում, ուր մնաց՝ ձմռանը։ Եթե հանկարծ այդ պահին ճանապարհին հայտնվում է հայկական կամ իրանական բեռնատար, մարդատար մեքենաները կարող են ժամերով կանգնել։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է»,- նշեցին մեզ դիմած բնակիչները։
168.am-ի հետ զույցում Վերին Խոտանանի գյուղապետ Ռաֆայել Գրիգորյանն ասաց, որ փոքր մեքենաների հետ կապված խոչընդոտներ չեն լինում, խնդիրը մեծ մեքենաների հետ է կապված։
«Գյուղամիջյան հատվածի ճանապարհին տեղ կա, եկեղեցու մոտ է՝ դժվարանցանելի է լինում ձմռանն ու անձրևոտ եղանակներին, ԱԻՆ-ը միշտ այստեղ է լինում, այդպես անլուծելի խնդիրներ չի լինում։ Դե, հաճախ փակվում է, մեքենա է փչանում կամ խցանում է լինում, այդ ժամանակ փոքր մեքենաների հետ կապված դժվարություններ լինում են։ Մեծ մեքենաները գալիս են, կարող է խցանումներ լինեն, մի 10-15 րոպե կարող են լռվեն-մնան։ Կապանի ճանշինը ձյունամաքրման աշխատանքները կատարում է, կարող է գիշերը ձյունը շատ լինի, չհասցնեն մաքրել, բայց էլի հասցնում են։ Սուտ կլինի, որ ասեմ՝ ճանապարհը ժամերով փակվում է։
Ներկա պահին այլընտրանքային ճանապարհը կառուցվում է՝ մեր գյուղը շրջանցող: 2024 թվականին ավարտվելու է։ Մի հատվածի ասֆալտապատումը կատարվել է»,- եզրափակեց Վերին Խոտանանի գյուղապետը։
168.am-ի հետ զրույցում Ներքին Խոտանանի գյուղապետ Աշոտ Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենց հատվածի ճանապարհի հետ որևէ խնդիր չկա։