Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ, քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինական և այլ ծրագրեր

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումները:

Նախ ներկայացվել է 3-րդ նիստում հաստատված «Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծում» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Նախագիծը կնպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, բեռնափոխադրումների իրականացման որակի բարձրացմանն ու ծավալի ավելացմանը: Արդյունքում՝ կստեղծվի բազմամոդել չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով, Հայաստանը կդառնա տարանցիկ տրանսպորտային և արտահանման կենտրոնացված արտադրական հանգույց:

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մանրամասնելով, նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ: Վահան Քերոբյանի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար: Էկոնոմիկայի նախարարը նաև հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, որոնք պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն: «Նաև պետք է ներգրավենք արդյունաբերական ընկերությունների, որոնք արդեն արդյունաբերական պարկում կստեղծեն իրենց հզորությունները: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում»,- հավելել է Էկոնոմիկայի նախարարը:

Ըստ աղբյուրի՝ քննարկման արդյունքում որոշում է կայացվել նախնական հավանություն տալ նախագծին: Նիկոլ Փաշինյանը  հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարությանը նախագծի իրականացման «ճանապարհային քարտեզ» ձևավորել՝ հետագա անելիքները հստակեցնելու նպատակով:

Նշվում է, որ օրակարգի շրջանակում կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր: Երևան քաղաքի ճանապարհաշինական ծրագրի շրջանակում ներկայացվել են «Թբիլիսյան խճուղի-Եղվարդի խճուղի ճանապարհահատվածի կառուցում» և «Ռուբինյանց-Աճառյան նոր ճանապարհի կառուցում» նախագծերը:

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Թբիլիսյան խճուղին Միկոյան փողոցին միացնող կամրջի կառուցումը չափազանց կարևոր նախագիծ է, որը M4 մայրուղին միացնում է հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին և հավելել, որ ևս մի կամուրջ է կառուցվում Հրազդան գետի վրայով, որը Արաբկիր վարչական շրջանից ավտոտրանսպորտի բեռնաթափման տեսանկյունից էական ազդեցություն է ունենալու»,- հայտնում են Փաշինյանի աշխատակազմից:

Քաղաքապետը, ներկայացնելով երկրորդ նախագիծը, ընդգծել է, որ արդյունքում էականորեն կնվազի Աճառյան փողոց-Մյասնիկյան պողոտա հատվածով բեռնափոխադրումը և հավելել, որ այս ծրագիրը նույնպես դրական ազդեցություն է ունենալու Երևանում ավտոմեքենաների խցանումների տեսանկյունից: «Վստահաբար, այս երկու ծրագրերը պետք է իրականացվեն նաև Կառավարության աջակցությամբ: Խոշոր ծրագրեր են, և այս ծրագրերն էական ազդեցություն են ունենալու ոչ միայն բուն Երևան քաղաքում, երևանցիների համար, այլ նաև բեռնափոխադրողների համար, որոնք ունենալու են հնարավորություն՝ շրջանցել Երևան քաղաքը»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Նախագծերի քննարկման արդյունքում որոշում է կայացվել առաջին փուլով իրականացնել տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, որի արդյունքներով հնարավոր կլինի նախագծերն իրականացնել:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Թբիլիսյան-Միկոյան ճանապարհահատվածի և կամուրջի կառուցումը կտևի մոտավորապես 4-5 տարի, իսկ Ռուբինյանց և Աճառյան միացնող ճանապարհը մի փոքր ավելի քիչ ժամկետներում հնարավոր կլինի իրականացնել:

Հաջորդիվ ներկայացվել է «Ջրածնի տնտեսության» նախագիծը: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ տարբեր երկրներ փորձում են իրենց էներգետիկ փոխակերպման մեջ ներառել նաև կանաչ ջրածնի արտադրությունը և հավելել, որ Հայաստանում դիտարկվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից կանաչ ջրածնի արտադրության արևային էներգիայի տարբերակը:

Նախագծի քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում ներառված կլինեն թե՛ պաշտոնյաներ, թե՛ մասնավոր խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, թե՛ գիտնականներ: Աշխատանքային խմբի ձևավորման նպատակը Հայաստանի ջրածնային ռազմավարության մշակումն է:

Տեսանյութեր

Լրահոս