«Հերթական սուտը նախարարի շուրթերից…». Անուշ Պողոսյան
«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2-3 շաբաթ առաջ»․ հերթական սուտը նախարարի շուրթերից
Քանի որ Անահիտ Ավանեսյանը իր հարցազրույցում անդրադարձել է ինձ, ապա սիրով կբացատրեմ տիկին նախարարին։
Նախարարը ասում է.
«Տեսեք, մենք ունենք շատ տարբեր խողովակներ աշխատելու հասարակական կազմակերպությունների հետ։ Ունենք հասարակական խորհուրդ, որի նիստը վերջերս է կայացել՝ մի երկու-երեք շաբաթ առաջ։ Հասարակական խորհրդի նիստին ես զեկուցում էի առողջության ապահովագրության համակարգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Ձեր կողմից նշված տիկին Պողոսյանը ներկա էր այդ նիստին, բայց հարց չբարձրացրեց այս մասով։ Իսկ քաղաքական շոուների մասը՝ ձեր կողմից նշված անձանց կողմից, դե ազատ են…»։Հարցազրույցը նախարարը տվել է 2026 թվականի ապրիլի 10-ին։
Տիկին նախարար, Ձեր նշած նիստը կայացել է 25․02․2025 թվականին, անմիջապես առողջության ապահովագրության ռիսկերի վերաբերյալ լսումներ անցկացնելու մասին Ազգային ժողովին դիմումներ հանձնելուց հետո (դիմումները հանձնվել էին 23․02․2025-ին)։
Այսինքն՝ «2-3 շաբաթ առաջ նիստ լինելու մասին» Ձեր հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։
Ազգային ժողով դիմումներ հանձնելուց անմիջապես հետո Դուք հայտարարել էիք, որ կվերանայվեն աշխատավարձերը, և դրանք ինչ որ չափով վերանայվեցին։ Ուստի նիստին իմ կողմից բարձրացվել են այլ կարևոր հարցեր, որոնք մեջբերում եմ նիստի արձանագրությունից․
Հարց 1.
ԱՁ-ների համար սահմանված 2,4 միլիոն դրամ շեմը և միանվագ վճարման պահանջը մտահոգիչ են, քանի որ նրանք ունեն նաև այլ ծախսեր և հարկային պարտավորություններ։ Ինչո՞ւ են նրանք ներառվել այս փուլում և ինչպե՞ս է լուծվելու վճարման բեռի հարցը։
Հարց 2.
Միակողմանի ծնողազուրկ երեխաները մինչև 18 տարեկանը, ինչպես նաև ուսանելու ընթացքում, ստանում են պետական աջակցություն (թոշակ)։ Ինչո՞ւ նրանք ներառված չեն անվճար ապահովագրության համակարգում, եթե արդեն իսկ համարվում են պետության հոգածության ներքո գտնվող խումբ։
Հարց 3.
Գյուղական բժիշկները սպասարկում են մի քանի համայնք, որտեղ տրանսպորտը վատ է աշխատում։ Արդյո՞ք նրանց տրամադրվելու են մեքենաներ կանչերը սպասարկելու համար։
Հարց 4.
Գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ, ըստ որի՝ ոչ շտապ կանչերը շտապօգնությունից փոխանցվում են ընտանեկան բժշկին (մինչև 120 րոպեում սպասարկելու պայմանով)։ Եթե բժիշկը չհասցնի կամ օպերատորը սխալ գնահատի վիճակը, բժիշկը կարող է ենթարկվել վարչական տույժի։
Հարց 5.
Բուժաշխատողները ստիպված են տվյալները լրացնել թե՛ էլեկտրոնային համակարգում, թե՛ թղթային մատյաններում, քանի որ տեսչական մարմինը ստուգումների ժամանակ պահանջում է նաև թղթային տարբերակը։ Սա կրկնակի ծանրաբեռնվածություն է և լրացուցիչ բեռ՝ տուգանքներից խուսափելու համար։
Հ․Գ․ Տիկին նախարար, ես քաղաքական շոուների վարպետ չեմ։ Չեմ պարում «ուրախ ավտոբուսներում», չեմ երգում, չեմ մասնակցում քաղաքական «դիսկոտեկների» և նմանատիպ միջոցառումների։
Կարիք չկա Ձեր թերի գործունեությունը կամ անգործությունը քողարկել «քաղաքական շոուների» անվան տակ։
Հ․Հ․Գ Ես եմ որոշում՝ որտեղ և ինչ հարց բարձրացնել, քանի որ դա անում եմ հասարակական հիմունքներով։ Իսկ Դուք պարտավոր եք պատասխանել, որովհետև Ձեր միլիոնավոր աշխատավարձերն ու պարգևավճարները ձևավորվում են հպարտ քաղաքացիների վճարած հարկերից։
Եթե Ձեր մոտ դեռ բաց հարցեր են մնացել՝ կարող ենք բանավեճ անցկացնել՝ ուղիղ եթերում։
ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԻ ՎԱԽԵՑԵՔ․․․․․



