Ավստրալիայի բանակը պատմության մեջ առաջին անգամ կին կղեկավարի
Ավստրալիան հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ բանակը կղեկավարի կին՝ երկրի պաշտպանական ուժերի ղեկավարության վերադասավորման շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Սյուզան Քոյլը, որը համատեղ կարողությունների խմբի ներկայիս ղեկավարն է, հուլիսին կդառնա բանակի ղեկավար։ Նա կփոխարինի գեներալ-լեյտենանտ Սայմոն Ստյուարտին։
«Հուլիսից սկսած՝ մենք կունենանք Ավստրալիայի բանակի 125-ամյա պատմության մեջ բանակի առաջին կին հրամանատարը», – հայտարարության մեջ ասել է վարչապետ Էնթոնի Ալբանիզին։
Պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլսը Քոյլի նշանակումն անվանել է «խորապես պատմական պահ»։ Նախարարի խոսքով՝ Սյուզան Քոյլի նվաճումը մեծապես նշանակալից կլինի այն կանանց համար, որոնք այսօր ծառայում են Ավստրալիայի պաշտպանական ուժերում, և այն կանանց համար, որոնք մտածում են ապագայում ծառայել Ավստրալիայի պաշտպանական ուժերում։
Քոյլի նշանակումը տեղի է ունենում Ավստրալիայի զինված ուժերի շարքերում կին սպաների թվի ավելացման շրջանակում։
Ավստրալիայի պաշտպանական ուժերի մոտ 21%-ը և ավագ ղեկավար պաշտոնների 18,5%-ը կանայք են։ Երկրի պաշտպանական ուժերը մինչև 2030 թվականը կանանց ընդհանուր մասնակցության 25%-ի նպատակ է դրել։
2025 թ․ հոկտեմբերին Ավստրալիայի պաշտպանական ուժերի դեմ խմբային հայց է ներկայացվել. պնդվում էր, որ այն չի կարողացել հազարավոր կին սպաների պաշտպանել համակարգված սեռական ոտնձգություններից և խտրականությունից։
55-ամյա Քոյլը զորակոչվել է բանակ 1987 թվականին և զբաղեցրել է մի շարք բարձր հրամանատարական պաշտոններ։



