Բաժիններ՝

Բլինքենն առաջընթաց է արձանագրել մերձավորարևելյան բանակցությունների արդյունքում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր հերթական՝ դիվանագիտական շրջագայությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանին մեղադրելով հութիներին աջակցելու մեջ։ Վերջիններս, ինչպես հայտնի է, գրոհում են Կարմիր ծովով անցնող առևտրային նավերը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի ավարտել է իր՝ մերձավորարևելյան հագեցած այցելությունը՝ բանակցություններ վարելով ինը երկրներում: Վերջին կետը Եգիպտոսն էր՝ Կահիրեն։ Բլինքենն ասել է, որ տարածաշրջանային այցի նպատակն է կանխել Իսրայել-«Համաս» հակամարտության տարածումը, և Գազայի խաղաղ բնակիչներին ավելի շատ օգնություն հասցնել: Նրա խոսքով, որոշակի առաջընթաց է գրանցվել Մերձավոր Արևելքի երկրների հետ բանակցություններում, թե ինչպես կառավարել Գազայի հատվածը՝ «Համասի» դեմ Իսրայելի ծավալած ռազմական գործողություններից հետո:

«Մյուս ճանապարհն այն է, որ շարունակենք ականտես լինել ահաբեկչությանը, նիհիլիզմին, «Համասի», հութիների, «Հեզբոլլահի» պատճառած ավերածություններին, որոնց բոլորին էլ աջակցում է Իրանը: Եթե դուք ստանձնեք անվտանգության համար անհրաժեշտ պատասխանատվություն և շարժվեք դեպի պաղեստինյան պետության ստեղծում, այն՝ Իրանը, նրա աջակցությունը վայելող ուժերին մեկուսացնելու, լուսանցքային դարձնելու միակ, լավագույն ճանապարհն է։ [Այդ ուժերը] մեզ և գրեթե բոլորի համար դժվարություններ են ստեղծում տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքնենը։

Բլինքենի խոսքով, իսրայելցի առաջնորդներին փոխանցել է, թե տարածաշրջանի երկրները պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել հրեական պետությանը, բայց միայն այն դեպքում, եթե Իսրայելը աջակցի պաղեստինյան պետության ստեղծմանը:

Հայտնի է, որ Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարությունը կտրականապես դեմ է պաղեստինյան պետության ստեղծմանը և այդ դիրքորոշմանն էր անգամ մինչ անցած տարվա հոկտեմբերի 7-ը՝ «Համասի» հարձակումը, ինչի հետևանքով սպանվեցին 1 200 իսրայելցիներ, և որին էլ հաջորդեցին իսրայելական բանակի գործողությունները Գազայի հատվածում:

«Համասի» ենթակայության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության համաձայն, իսրայելական կողմի ռազմական գործողությունների հետևանքով հատվածի 2,3 միլիոն բնակչության մեծ մասը հարկադրաբար տեղահանվել է, սպանվել են ավելի քան 23 հազար պաղեստինցիներ:

Ինչևէ, տարածաշրջանում չդարարող լարվածության ֆոնին՝ Իրանը հինգշաբթի Օմանի ծոցում առգրավել է նավթատար մի նավ՝ այն ուղեկցելով իրանական նավահանգիստ։ Թեհրանի ներկայացմամբ, այդ քայլը՝ անցած տարի ԱՄՆ կողմից նույն նավը առգրավելու պատասխանն է:

«Իրանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի նավն ու նրա անձնակազմը: Առևտրային նավի այս անօրինական առգրավմամբ Իրանի նպատակն է խաթարել միջազգային առևտուրը»,- արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Ալեքս Վատանկան կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև այդ գործողությունները, կարծես, վրեժխնդրության շրջան լինեն։

«Սա մի հնարավորություն էր, որը նրանք՝ [իրանցիները] պարզապես չէին կարող բաց թողնել: Նավթատար նավը վերադարձել էր տարածաշրջան, և Իրանի տարածքային ջրերից հեռու չէր, և նրանք գործեցին, նրանք տարան այդ նավը»,- ասել է Վատանկան:

Վերլուծաբանի խոսքով, մյուս կողմից՝ Վաշինգտոնն ու Թեհրանը ամենևին էլ շահագրգռված չեն, որ Իսրայելի-«Համաս» հակամարտությունը տարածվի ողջ Մերձավոր Արևելքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս