Կադաստրային հարցերով քաշքշուկները կրճատվում են․ կոմիտեն ներկայացրեց օրենսդրական փոփոխությունները

ՀՀ կադաստրի կոմիտեի համար 2023 թվականը եղել է բուռն աշխատանքային տարի։ Կոմիտեն հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ դրանք նպաստել են ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի, այնպես էլ կադաստրի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

«Կցանկանայի առանձնացել գույքի գրանցման մասին օրենքում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, եթե, օրինակ, քաղաքացին ցանկանում էր իր հարևանից հողատարծք ձեռք բերել և միավորել իր ունեցածին, ապա պետք է հասցե ստանար, գար Կադաստրի կոմիտե, դա գրանցեր որպես առանձին միավոր, այնուհետև նոր սեփականատերը դա ձեռք բերելուց հետո պետք է հողատարածքը գրանցեր ու մի հատ էլ հասցեի վերամիավորման համար նոր որոշում կայացվեր։ Մենք հիմա այդ գործընթացները միավորեցինք և կազմակերպեցինք մեկ քայլանի գործընթաց։ Եթե հողամասը բաժանվում է միավորման նպատակով, ապա այդ ժամանակ հասցե չենք ուզում։ Հողամասի և՛ բաժանումը, և՛ միավորումը մեկ դիմումով հնարավոր է դարձել»,-ասաց Սուրեն Թովմասյանը։

Նախորդ տարի առաջին անգամ օրենսդրական մակարդակով դրվեց այն, որ ՀՀ-ում պետք է գործի անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների միասնական նոր համակարգ։ Այս համակարգի միջոցով քաղաքացու անշարժ գույքի նկատմամբ սահմանափակում դնելու կամ սահմանափակումը հանելու մասին տեղեկությունը առցանց ռեժիմով կփոխանակվի գերատեսչությունների միջև։ Քաղաքացին ստիպված չի լինի փաստաթուղթը Կադաստրի կոմիտե ներկայացնել։

«Օրինակ, եթե որևէ մեկն իր գույքի նկատմամբ ուներ սահմանափակում, ու որոշ ժամանակ անց նա մարել է իր պարտավորությունները, և այդ սահմանափակումը որոշումով դուրս է եկել, քաղաքացին պետք է այդ դուրս գալու մասին փաստաթուղթը ներկայացներ Կադաստրի կոմիտե։ Նոր համակարգով քաղաքացին այստեղ էլ անելիք չունի։ Գերատեսչությունները միմյանց միջև առցանց ռեժիմով են փոխանցելու անշարժ գույքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին փաստաթղթերը։ Քաղաքացու կողմից հավելյալ փաստաթուղթ բերելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Սուրեն Թովմասյանն՝ ավելացնելով, որ էլեկտրոնային համակարգը կներդրվի 2024 թվականի մարտից։

Հաջորդ փոփոխությունն իրավահաստատող փաստաթղթին է վերաբերում։ Նախ հստակեցվել է, թե որոնք են իրավահաստատող փաստաթուղթ ներկայացնող մարմինները։ Նախկինում այդ փաստաթուղթը ներկայացնելը ևս դրված էր քաղաքացիների վրա։ Քաղաքացին ստիպված էր գնալ համայնք, այնտեղից վերցներ իրավահաստատող փաստաթուղթը, բերել Կադաստրի կոմիտեի գրասենյակ կամ էլեկտրոնային համակարգով ներկայացներ, այժմ այդ պահանջը դրված է իրավահաստատող փաստաթուղթ տրամադրող մարմնի վրա։ Կլինի համայնքը, թե նոտարը, թե այլ կառույց, ինքը պետք է կադաստրին էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնի իրավահաստատող փաստաթուղթը։ Այստեղ ևս քաղաքացին անելիք չունի։

Տեսանյութեր

Լրահոս