Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված. դատավոր Դոլմազյանը որոշեց չբավարարել 40 մլն դրամ գրավ, վարչական հսկողություն, երաշխավորություն և տնային կալանք համակցված խափանման միջոցների միջնորդությունը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Տիգրան Աթանեսյան, Ռուբեն Մելիքյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ:

Նիստին չէր ներկայացել ԵՊԲՀ ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը:

Նախորդ դատական նիստին քննարկվել էր տուժողի իրավահաջորդ ներգրավված Գալինա Հարությունյանի հարցը, ով միջնորդել էր չմասնակցել դատական նիստերին:

Կարդացեք նաև

Այսօր քննարկվելու է նաև Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը: Վերջինս կալանավորված է արդեն 7 ամիս:

Դատական նիստը սկսվեց Գալինա Հարությունյանի՝ դատական նիստերին մասնակցության հարցի քննության շարունակությամբ: Հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց մեղադրյալ Մարթա Սիմոնյանի պաշտպան Սուքիասյանը, նշեց, որ Գալինյանի Հարությունյանին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ մեղադրանքի կողմի դիրքորոշումը չունի ոչ մի իրավական հիմք, միջնորդեց դադարեցնել Գալինա Հարությունյանի՝ որպես տուժող, կարգավիճակը:

«Եթե չկա կազմակերպություն, այն չի կարող ունենալ պարտականություններ: Որևէ իրավական հիմք չի եղել արհեստակցական կազմակերպությանը տուժող ճանաչելու համար»,-ասաց Մարթա Սիմոնյանի պաշտպանը:

Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի անդամ Տիգրան Աթանեսյանն էլ, անդրադառնալով խնդրին, Վահե Դոլմազյանին ասաց, որ վերջինս փորձում է խառնել կորպորատիվ և քրեական իրավունքները: Նա նույնպես պնդեց՝ Գալինա Հարությունյանը չի կարող տուժող լինել. Կարգավիճակը պետք է դադարեցվի:

Արմեն Աշոտյանը նույնպես փորձեց դիրքորոշում հայտնել, բայց դատավոր Դոլմազյանը ընդհատեց նրան՝ ասելով, որ վերջինս պետք է նայի դատավորին:

«Կասե՞ք օրենքի այն հղումը, որով ես պարտավոր եմ ակնդետ Ձեզ նայել»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ դիմելով դատավորին:

Վերջինիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը նույնպես պնդեց՝ դատարանին դիմել չի նշանակում դատավորին նայել:

Վերջինս սպառնաց սանկցիա կիրառել:

«Ձեզ տվել են 2 թուղթ՝ մեկը, որ հիմնարկը չկա, մյուսը, որ հարգարժան տիկինը ղեկավար չէ. մենք ի՞նչ ենք քննարկում»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Գալինա Հարությունյանին որպես տուժող ճանաչելուն:

 

 

Այնուհետև հանդես եկան երաշխավորներ, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, Գեղամ Մանուկյանը, Հայկ Մամիջանյանը, Արծվիկ Մինասյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հայտարարվեց ընդմիջում, ինչից հետո որպես երաշխավոր՝ հանդես եկավ նաև պատգամավոր Աղվան Վարդանյանը: Ապա Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց միջնորդությունը: Ապա նրա խոսքը շարունակեցին պաշտպաններ Հակոբ Մարտիրոսյանն ու Մարգար Սողոմոնյանը:

«Համարում ենք, որ տնային կալանքը, 40 միլիոն դրամ գրավը, վարչական հսկողությունը և երաշխավորությունները լիովին ի զորու են չեզոքացնել այն ռիսկերը, որոնք կարող են ենթադրվել խափանման միջոցի փոփոխության դեպքում»,-ասաց Մարգար Սողոմոնյանը:

Այնուհետև միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց Արմեն Աշոտյանը:

«Ձեր խիղճը Ձեզ թելադրե՞լ է՝ ազատ ժամանակ լսեք այդ գաղտնալսման սկավառակները, ուր մասնակիցներից մեկն ասում է, որ ազդեցություն չեմ գործել որևէ մեկի վրա»,-դիմելով դատավորին՝ ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նաև ասաց՝ արդյո՞ք դատավորի մոտ հարց չի առաջացել, թե ինչո՞ւ գաղտնալսման մեջ հիշատակված անձանց ու իր միջև առերեսսում չի իրականացվել: Հանրային մեղադրողները միջնորդեցին անփոփոխ թողնել Արմեն Աշոտյանի խափանման միջոցը:

Արմեն Աշոտյանը հաջորդիվ մանրամասն անդրադարձավ հանրային մեղադրողների դիրքորոշմանը:

«Եթե հիմա վտանգավոր կլինեմ դրսում, բա ինչի՞ էն ժամանակ, երբ դեռ թարմ էր գործը, վտանգավոր չէի. պահանջում եմ տրամաբանական պատասխան: Ինչի՞ էին ինձ 2 ամիս թողնում դուրսը, որ ավելի շատ ազդեի՞: Իսկ բացի այդ չարաբաստիկ ձայնագրությունից, ուրիշ ապացույց կա՞, որ ազդել եմ վկաների վրա, ինչ դիտում ասես, չի եղել ինձ վրա»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով, մինչև 2024թ. ապրիլի 15-ը՝ ներառյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս