Բաժիններ՝

«Հերթական կիսատ մտածված օրենքն է. դեռ կտեսնեք շատ նախագծեր, որոնք մեքենայի օգտագործումը կդարձնեն անշահավետ». Դավիթ Պեդանյան

Նախորդ տարվա վերջին Երևանի ավագանին ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Ըստ նախագածի, հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտում ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանվել է 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, Կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

168.am հետ զրույցում «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը խոսելով այս օրենքի մասին՝ ասաց, որ նախագիծն ընդունվել է առանց լուրջ մշակումների, այն ընդունելիս հաշվի չեն առել շատ հանգամանքներ։

«Նախագիծը լավ մշակված չէ, խնդիրը ոչ թե արժեքի ու գոտիավորման մեջ է, այլ տարբեր իրավիճակների, որոնք տվյալ նախագծով չեն մեկնաբանվում։ Օրինակ, նշված չէ՝ տվյալ հատվածի բնակիչների համար ինչ արտոնություններ կան, արդյո՞ք օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաներին դա վերաբերում է, թե՞ ոչ, սոցիալական տարբեր խավերի համար օրենքն ինչպե՞ս է մեկնաբանվում, և այլն։ Հավանաբար նախագիծն այդքան շտապ ընդունեցին, որպեսզի տարի չկորցնեն, տարեկան վճարներից չզրկվեն, քանի որ վճարները միանգամից են արվում»,- նշեց Դավիթ Պեդանյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, նախագծի հեղինակների մոտեցումները, թե իբր սրանով քաղաքի կենտրոնն է բեռնաթափվելու, տրամաբանական չէ, քանի որ սա՝ որպես բեռնաթափման միակ միջոց, պարզապես չի աշխատելու։ Միայն մեքենան կայանելու մեջ չէ խնդիրը, այլև՝ երթևեկության։

«Բեռնաթափման համար տարբեր միջոցներ են անհրաժեշտ, օրինակ, շրջանցիկ ճանապարհների կառուցումը, որոնք Երևանում բավականին քիչ են։ Գրեթե բոլոր ճանապարհներն անցնում են Երևանի կենտրոնով»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հայտարարությանը, թե կայանման համար տարեկան վճարը դարձրել են 160.000 դրամ, որպեսզի զսպեն քաղաքացիներին, և հարցին՝ արդյո՞ք քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, մեր զրուցակիցը պատասխանեց՝ քանի որ տուգանքը 5000 դրամ է, ապա, իր հաշվարկներով՝ քաղաքացին կարող է 32 անգամ խախտում անել, որի արժեքը տարեկան կազմում է 165.000 դրամ։

«Եթե ես տարեկան 32 անգամ չեմ իջնում և իմ մեքենան չեմ կայանում կենտրոնում, ապա այդ 160.000 դրամը ոչ էլ կարող եմ վճարել։ Ճիշտն ասած՝ այդ երիտասարդ փոխքաղաքապետի գործունեությունը չեմ հավանում, իր ընդունած բոլոր օրենքներն էլ կիսատ-պռատ են։ Գուցե այդ օրենքը մեկ տարի լավ մշակելուց հետո՝ արդյունքում լավ բան ստացվեր, բայց այս պահին հերթական կիսատ մտածված օրենքն է»,- նշեց Դավիթ Պեդանյանը։

Խոսելով այն քաղաքացիների մասին, որոնք աշխատում են Կենտրոնում, սակայն օրենքի ընդունումից հետո դադարել են մեքենա վարել և երթևեկում են հանրային տրանսպորտով, Դավիթ Պեդանյանը նկատեց՝ գուցե օրենք ընդունողի նպատակն այն է, որ մարդիկ մեքենաներից չօգտվեն։

«Կարծում եմ՝ դուք դեռ շատ այնպիսի նախագծեր կտեսնեք, որոնք մեքենայի օգտագործումը կդարձնեն անշահավետ։ Նման բան անում են այլ երկրներում, որտեղ մարդկանց համար կա այլընտրանք։ Օրինակ, Սինգապուրում օրենք կա, որ կոնկրետ օրերի ու ժամերի չես կարող միայնակ մեքենայում գտնվել, պետք է պարտադիր գոնե մեկ ուղևոր ունենաս, որ քո քայլն արդարացվի։

Ի՞նչ ասեն մարդիկ, որոնք մարզերից են գալիս, մարզերից եկած ու պետական հատվածում աշխատողները բոլորը Կենտրոնում են աշխատում, նրանք այլընտրանք չունեն»,- եզրափակեց Դավիթ Պեդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս