Կարեն Կարապետյանին վարչապետ է նշանակում, որ ի՞նչ անի

Անցած շաբաթ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ իշխանական վերնախավում որոշում է կայացվել Երևանի նախկին քաղաքապետ, «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ:

Այդ տեղեկությունը ՀՀԿ-ականների կողմից չհերքվեց այն դեպքում, երբ ցանկացած նման տեղեկատվության հրապարակումից րոպեներ անց իշխանական խոսնակները շտապում են հայտարարել, թե «վարչապետի անձի շուրջ կուսակցությունում դեռևս քննարկում չի եղել»: Հերքման բացակայությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ: Սակայն դրանցից ամենահիմնականը, թերևս, այն է, որ իրականում՝ եթե անգամ նման որոշում չի կայացվել, ապա այդ տարբերակն առնվազն չի բացառվում:

Ընդ որում, տվյալ դեպքում վարչապետի թեկնածության հարցը ոչ այնքան անձնական է, որքան՝ աշխարհաքաղաքական: Ու, թերևս, հենց դրանով է պայմանավորված ՀՀԿ-ականների լռությունը: Այլ պարագայում գուցե անգամ նրանք հրապարակավ դեմ արտահայտվեին մշտապես Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից մեկը համարվող Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հնարավորությանը: Սակայն հատկապես նախագահական ընտրություններից հետո  Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումների համատեքստում Կարեն Կարապետյանի նշանակումը կարող է պարտադրված քայլ լինել Սերժ Սարգսյանի համար:

Կրկնում ենք, խնդիրն անձնական հարթությունում չէ, քանի որ, եթե այդպես լիներ, պետք էր չբացառել նաև այն վարկածը, որ գուցե Կարեն Կարապետյանն ինքն է շրջանառության մեջ դրել իր անունը՝ որպես վարչապետի հավանական թեկնածու: Խնդիրն այն է, սակայն, որ Կարեն Կարապետյանի անվան փոխարեն՝ կարող էր լինել Իվան Իվանով, այսինքն՝ մարդ, ով անվերահապահորեն վայելում է Ռուսաստանի վստահությունը, և Հայաստանի վարչապետ կարող է դառնալ, այսպես ասած, «ռուսական քվոտայի» շրջանակներում:
Իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանը պարտադրված լինի վարչապետ նշանակել Կարեն Կարապետյանին:

Այդ հարցին անուղղակիորեն պատասխանում են մարտի 12-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին հաջորդած մի քանի իրադարձություններ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը, շնորհավորական խոսքերից բացի, ստացել էր նաև «մի քանի տոկոս ավել քվե»՝ ի դեմս Պուտինի՝ մոտ 60 տոկոս ձայն ստանալու մասին հայտարարության: Սերժ Սարգսյանի այցի ինտրիգը, սակայն, ոչ թե Պուտինի կողմից արդեն իսկ ստացված շնորհավորանքի բանավոր հնչեցումն էր համարվում, այլ Մաքսային միությանը, հետագայում՝ նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խնդրի շուրջ քննարկումները: Սակայն պաշտոնական հաղորդագրություններում բացակայում էր այդ հարցի վերաբերյալ որևէ տող: Այսինքն՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը որևէ բառ չէին փոխանակել Մաքսային միության վերաբերյալ:

Մինչդեռ, դա պետք է լիներ և մեծ հավանականությամբ՝ եղել է Սարգսյան-Պուտին հանդիպման հիմնական թեման: Ըստ ամենայնի, հենց Մաքսային միության մասին էլ խոսել են Պուտինն ու Սարգսյանը, սակայն վերջինիս խնդրանքով այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել: Իսկ անկախ նրանից, թե ինչ են երկու երկրների ղեկավարները խոսել փակ դռների ետևում, ֆորմալ առումով արձանագրված է, որ Հայաստանն առայժմ որևէ պատասխան չի տվել Մաքսային միությանն անդամակցելու Ռուսաստանի առաջարկ-պարտադրանքին: Հասկանալի է, որ այս փուլում, երբ Սերժ Սարգսյանը, մեկը մյուսի հետևից, շնորհավորանքներ է ստանում արևմտյան տերությունների ու միջազգային կառույցների ղեկավարներից, Մաքսային միությանն անդամակցելու մասին պաշտոնական տեսակետ արտահայտելը, մեղմ ասած, գեղեցիկ չէր լինի՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով: Այսինքն՝ չպետք է բացառել, որ Սերժ Սարգսյանը Պուտինին խնդրել է կրկին ժամանակ տալ այդ հարցում պաշտոնական պատասխան տալու համար՝ հղում անելով ներքաղաքական լարված իրադրությանն ու արևմտյան գործընկերների հետ հարաբերություններն այս փուլում չփչացնելու անհրաժեշտությանը: Պուտինն էլ, թերևս, չի մերժել այդ խնդրանքը:

Բայց ցանկացած խնդրանքի բավարարում քաղաքականության մեջ գին ունի: Եվ, մեծ հավանականությամբ, այդ գինը համարվել է Ռուսաստանի համար ցանկալի, 100 տոկոսանոց երաշխավորված անձի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում: Այդպիսով, Պուտինը, թերևս, նաև ապահովագրել է իրեն՝ Հայաստանի կողմից դիրքորոշման հնարավոր փոփոխությունից: Այսինքն՝ ամբողջությամբ չվստահելով Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, որ «ջրերը խաղաղվելուց», այսինքն՝ ներքին խնդիրների լուծումից հետո Հայաստանն ի վերջո կանդամակցի Մաքսային միությանը, պահանջել է վարչապետի պաշտոնում նշանակել մեկին, ով «ֆորսմաժորային» իրավիճակում կկանխի Ռուսաստանի համար անցանկալի զարգացումները:

Նաև Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններով պայմանավորված՝ Կարեն Կարապետյանը Հայաստանի իշխանական համակարգում կարող է զգալի կշիռ ունենալ և լինել մեկը, ով իրերի համապատասխան դասավորության պայմաններում կարող է անգամ իշխանափոխություն իրականացնել ներսից: Մոտավորապես այնպես, ինչպես եղավ 1998 թվականին:

Սակայն, ըստ ամենայնի, Պուտինը չի բավարարվել միայն վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ և Մաքսային միությանն անդամակցելու հարցում Հայաստանի դիրքորոշման հետաձգման դիմաց նաև այլ զիջումներ է ստացել: Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայից վերադառնալուց մեկ օր անց հայտնի դարձավ, որ Ստեփանավանի օդանավակայանն ու Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի  մոտ գտնվող Արտակարգ իրավիճակների նախարարության պահեստարանն առաջիկայում օգտագործվելու են ՀԱՊԿ շրջանակներում գործող արագ արձագանքման փրկարարական ուժերի կողմից: Բնականաբար, պաշտոնապես հայտարարվեց, որ այդ պահեստարանի հիմքի վրա ձևավորվելիք կենտրոնն օգտագործվելու է մարդասիրական նպատակներով՝ հնարավոր աղետների դեպքում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Սակայն հասկանալի է, որ դա ունենալու է առաջին հերթին՝ ռազմական նշանակություն և դառնալու է Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ընդլայնման հերթական առիթը: Այս համատեքստում բավական ուշագրավ է դառնում այն հանգամանքը, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոչ թե ընտրական գործընթացում ցուցաբերած աջակցության (ինչպես 2008 թվականի ընտրություններից հետո), այլ այն բանի համար, որ ՌԴ պաշտպանության նախարարը Հայաստան էր այցելել հատկապես Հայկական բանակի տոնի օրը: Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ժեստ առ այն, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը ոչինչի չի սպառնում, ավելին՝ Հայաստանը պատրաստ է ամեն ինչ անել այն ընդլայնելու համար:

Այս իրադարձությունների բովանդակությունն ու ժամանակագրությունն ուշագրավ են դառնում մեկ այլ տեսանկյունից ևս: Նույն օրերին հրապարակվեց ԱՄՆ հետախուզական ծառայության պատրաստած ամենամյա զեկույցը, ըստ որի՝ այս տարի Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը լինելու է հետխորհրդային երկրներում սեփական ազդեցության մեծացումը. «Մոսկվան իր արտաքին քաղաքական ջանքերը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնացնի հետխորհրդային երկրներում սեփական ազդեցության ուժեղացման վրա: Մոսկվան կփորձի նրանց միավորել ինտեգրացիոն նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Մաքսային միությունը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) կամ Եվրասիական միությունը՝ թեև ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերությունները կարևոր կլինեն Ռուսաստանի համար»,- նշված էր ԱՄՆ հետախուզության զեկույցում:

Կարելի է փաստել, որ Հայաստանի մասով Ամերիկյան հատուկ ծառայությունների՝ այս տարվա համար արված կանխատեսումն իրականանում է արդեն իսկ տարվա առաջին եռամսյակում:
Արևմտյան կենտրոնները, բնականաբար, ուշադրությամբ հետևում են այս զարգացումներին և ըստ ամենայնի՝ դրանք վտանգավոր են համարում այնքան, որ շտապում են համապատասխան նախազգուշական ազդակներ հղել: Մասնավորապես՝ այսօր Եվրամիությունը կրկին զգուշացրել է Հայաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը՝ Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի հետ, քանի որ դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Հայտարարությունը հնչել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկի կողմից, ով «Ազատություն» ռադիոկայանին տված  հարցազրույցում ասել է. «Եվրամիությունը չի կարող Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ:

Անհրաժեշտ է ընտրություն կատարել, և դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջև ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլև` Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտուն»,- հայտարարել է   Եվրախորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչը, ով, ի դեպ, միաժամանակ ԵԺԿ փոխնախագահն է։ Նույն այն ԵԺԿ-ի, որի նախագահն անցած շաբաթ շռայլորեն շնորհավորել էր Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, և հեգնական հայտարարությունն էր արել Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ:

Եվրոպացիներն ավելի քան պարզորոշ ցույց են տալիս, որ դեմ են Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում արձանագրվող զարգացումներին և կարող են փոխել իրենց դրական «վերաբերմունքը» ՀՀ իշխանությունների նկատմամբ: Առաջիկայում ԵԽ ԽՎ-ում քննարկվելու է Հայաստանի նախագահական ընտրությունների հարցը. քննարկումների հիմքում դրվելու է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը, որը վերը նշված հանգամանքների ազդեցության տակ կարող է կոշտանալ: Մի խոսքով, Կարեն Կարապետյանի նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում  կարող է շատ թանկ արժենալ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, այլ նաև գործող իշխանության համար: Կկարողանա՞ վերջինս դիմակայել այդ «մարտահրավերին»,  առայժմ դժվար է ասել:

Տեսանյութեր

Լրահոս